NEWSARM

Դասընթաց ՄԱՎԵՏԱ ծրագրի մասնավոր հատվածի գործընկերների համար

Փետրվարի 1-2-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն գենդերային զգայուն մոտեցումների կիրառման և խոցելի խմբերի համար աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովման թեմայով դասընթաց էր կազմակերպել մասնավոր հատվածի գործընկերների համար։

Դասընթացի ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի գենդերի և հանրային հաղորդակցման մասնագետ Աննա Պողոսյանը ներկայացրեց աշխատավայրում սեռով պայմանավորված խտրականությունների բացառման և զգայուն մոտեցումների կիրառման տեղական ու միջազգային փորձը, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման կարևորությունը և կանանց կարողությունների զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։

Այնուհետև մասնավոր հատվածի ներկայացուցիչները ծանոթացան  աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկման հնարավորություններին, ՀՀ օրենսդրությանը, խելամիտ հարմարեցումների փորձին և համաշխարհային միտումներին, որը ներկայացրել է  ներառական կրթության փորձագետ Սյուզաննա Պետրոսյանը։

Երկօրյա դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ինտերակտիվ խաղերի միջոցով ամրապնդելու խոցելի խմբերի կարողությունների և առձանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքները և կիսվելու աշխատավայրում առկա խնդիրների լուծման իրենց  փորձով ու մոտեցումներով։