Հաջողված համագործակցություն և փոխադարձ վստահություն

Առաջատար ֆերմեր Արթուր Բեկչյանն իր մեծ ընտանիքի հետ բնակվում և անասնապահական գործունեություն է ծավալում Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում: Մասնագիտությամբ շինարար Արթուրը նախկինում մեկնում էր արտագնա աշխատանքի, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում  վերադարձել է հայրենիք և զբաղվել է անասնապահությամբ:

2017թ-ին վերադառնալով Հայաստան, Արթուրը որոշեց գրանցվել որպես անհատ ձեռներեց և սկսեց զբաղվել կենդանիների առքուվաճառքով: Ծանոթանալով «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի համագործակցության պայմաններին նա միացել է ծրագրին:

Ծրագրին միանալու արդյունքում հաջողվել է բարելավել կենդանիների խնամքի պայմանները, ձեռք բերել կերաբաշխիչ, որը հնարավորություն է տալու կենդանիների թաց ու չոր կերերը վերածել միասեռ զանգվածի և ավելի արդյունավետ կազմակերպել կենդանիների կերակրումը: Ծրագրի կողմից հիմնված նոր անասնաբուժական կետից ֆերմերը ստանում է նաև անհրաժեշտ դեղորայք և խորհրդատվություն, ինչի արդյունքում, անցյալի հետ համեմատած, բարելավվել է նաև անասնաբուժական ծառայությունների մատուցման որակը:

Ծրագրի տեխնիկական աջակցության արդյունքում ֆերմերը նաև որոշակի շտկման քայլեր է ձեռնարկել բնապահպանական և բնական ռեսուրսների խնայման ուղղությամբ. արդեն իսկ արեվային ջրատաքացուցիչ է տեղադրվել՝ էլեկտրաէներգիայի խնայման նպատակով:Ծրագրի միջամտությամբ նաև կառուցվել է հյութալի պահածոյացվող կերերի (սիլոս) պատրաստման համար նախատեսված գետնափոր բետոնապատ տարողություններ, որոնք հնարավորթյուն են տալիս վեգետացիոն ժամանակահատվածում հյութալի պահածոյացվող կերերի (սիլոս) պատրաստում իրականացնել, ինչն էլ օգտագործվում է ձմեռային-մսուրային ժամանակահատվածում կենդանիների կերակրումը հյութալի կերերով կազմակերպելու համար:

«Ծրագիրն իմ ընտանիքին ու գործունեությանը մեծ նվաճում է բերել: Աշխատասիրությունը, հայրենասիրությունը և նվիրվածությունը միասին տվել են դրական արդյունք: Իմ ապագա պլանները կապված են մսի արտադրության հետ, նաև ծրագրել եմ կազմակերպել կենդանիների բաց պահվածք: Համագործակցելու եմ Վանաձորի սպանդանոցի հետ՝ սննդի անվտանգության կանոններին համապատասխան՝ մսամթերքի արտադրության պատշաճ գործունեություն ծավալելու նպատակով՚ – նշում է ֆերմերը 

«Աշխատասիրությունը, որպես բարեկեցության խթան»

Վայոց ձոր մարզի Զառիթափ համայնքի հեռավոր Արտավան բնակավայրում ապրում և տղայի ու տալի հետ անասնապահական տնտեսությունն է զարգացնում 51 ամյա ֆերմեր Դուստրիկ Գալստյանը: Դուստրիկն անգամ ծանր բեռն ուսերին չի զլանում զարգանալ և կատարելագործվել:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Դուստրիկը այլ կանանց հետ միասին ստացել  է  մասնագիտական խորհրդատվություն, որի շնորհիվ բարելավել է իր գիտելիքները ֆերմերային տնտեսության կառավարման գործում: Ծրագրի աջակցությամբ մասնակցել է գյուղատնտեսական մթերքի տարատեսակ փառատոնների, որոնք հնարավորություն են ընձեռել ոչ միայն հավելյալ եկամուտ գրանցել, այլև ձեռք բերել վստահություն, տեղեկատվություն և փորձ փոխանակել:

«Ես միշտ ներգրավված եմ եղել անասնապահական աշխատանքներում, միշտ ամուսնուս օգնել եմ։ Այժմ էլ դասընթացների շնորհիվ կատարելագործվել եմ, շատ բան եմ սովորել, ինձ տրամադրած խորհուրդների 80 տոկոսը կիրառում եմ: Անգամ ամսական հաշվարկներ եմ իրականացում, ծախսերն ու եկամուտներն եմ հաշվարկում և գրառումներ կատարում: Մինչ ծրագրին մասնակցելը ունեի 12 խոշոր եղջերավոր կենդանի, որից 5 կթու կով, այսօր դրանց թիվը հասցրել եմ 22-ի, որից 10 կթու կով»,-ասում է Դուստրիկը:

«Միայն աշխատասիրությունն ու ձգտումն են, որ բերում են արդյունքի: Ավելացրու կենդանիներիդ քանակը, կավելացնես եկամուտներդ։ Իմ աշխատանքի շնորհիվ ընտանիքիս բյուջեն ավելի մեծացավ, աղջիկներիս ամուսնացրեցի, մեծ հարսանիք արեցի, հարսանյաց նվեր տվեցի: Համարձակությունը գործի կեսն է, իմ փորձից եմ ասում, քանզի իմ համարձակության շնորհիվ շատ ձեռքբերումների եմ հասել և դեռ կհասնեմ։ Անասնապահությանը կից զբաղվում եմ նաև ագրոտուրիզմով, որի միջոցով հյուրերիս ծանոթացնում եմ գյուղական կյանքին և ավանդույթներին: Անասնապահությունը զբոսաշրջության անբաժան մասն է կազմում, ինձ մոտ հյուրընկալված զբոսաշրջիկներն իրենք են մասնակցում կթի պրոցեսին, կենդանիների կերակրման և հացի թխման գործընթացներին: Նրանք բարձր են գնահատում ավանդական գյուղական մթերքներից օգտվելու հնարավորությունը»:

Ձգտումը հաջողության բանալին է

5 անդամից բաղկացած Կուրղինյան ընտանիքը բնակվում է Շիրակի մարզի Կրասար գյուղում: Նրանք զբաղվում են անասնապահությամբ և երբևէ չեն լքել Հայաստանը դրսում արտագնա աշխատանքի նպատակով: Ընտանիքի որդիները ևս դպրոցն ավարտելուց հետո այժմ օգնում են ծնողներին ֆերմայի աշխատանքներում:

Ընտանիքը անասնապահությամբ զբաղվում է բավական երկար տարիներ: Սկզբնական շրջանում, ընտանիքն ուներ 6 կով, իսկ Սովետական միության փլուզումից հետո, ընտանիքը շատացնել է անասնագլխաքանակը:

«Վերանորոգեցինք ամուսնուս պապիկից մնացած գոմերը ու շատացրեցինք գլխաքանակը: Նոր գլխաքանակի ԽԵԿ գնեցինք և այնուհետև տեղեկացանք այս Ծրագրի մասին, քանի որ համապատասխանում էինք պահանջներին», – պատմում է Հասմիկը՝ ընտանիքի մայրը:

Ընտանիքը Ֆերմայում արտադրված կաթը հանձնում է Ամասիայի Պանրագործարանին: Հարկ է նշել, որ Ամասիայի Պանրագործարանը հանդիսանում է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ- հյուսիս» ծրագրի շահառուներից, այդ իսկ պատճառով վերջինս ընտանիքին հրավիրել է մասնակցելու կազմակերպված մի շարք հանդիպումների: «Մեզ շատ գրավեց այն հանգամանքը, որ ծրագիրը աջակցում է գյուղացիներին: Տեղյակ ենք նաև, որ Ծրագրի շրջանակներում համայնքերում հիմնվել են անասնաբուժական կետեր: Անասնաբուժական կետերի հիմնումից հետո բարելավվել է անասնաբուժական ծառայություններից օգտվելու որակը՝ անասնաբույժը այժմ ավելի հասանելի է դարձել իսկ դեղորայքը՝ մատչելի»:

Տիկին Կուրղինյանի ամուսինը մի քանի առիթով մասնակցել է ՌԶԳ ՀԿ-ի կողմից կազմակերպված անասնապահության վերաբերյալ դասընթացների:
Ենթակառուցվածքների բարելավումը (արոտավայրերի բարելավում, ջրախմոցների տեղադրում) հնարավություն է տվել առավել հաջողություններ գրանցել անասնապահության ոլորտում: Ընտանիքի ծրագրերը ներառում գոմաղբի ավտոմատացված հեռացման համակարգի կազմակերպում: Դասընթացների արդյունավետությունից օգտվելով, ընտանիքը նույնիսկ ֆերման մեծացնելու ցանկություն է հայտնել: Հասմիկի խոսքերով «Ցանկացած աշխատանք եթե սիրով ես անում՝ հաջողություն անպայման ունենում ես: Եթե դժկամությամբ անես՝ այդ գործի մեջ հաջություն չես ունենա»:  

Uncategorized

Խնձորուտ. երիտասարդ անասնաբույժը `որպես ոգեշնչման աղբյուր

29-ամյա Սևադան Վայոց ձորի Խնձորուտ գյուղի միակ անասնաբույժն է: Նա իր մասնագիտությունն ընտրել է իրենց գյուղի նախորդ անասնաբույժի խորհրդով և ի տարբերություն իր հասակակիցների, Սևադան քաղաքում ապրելու երազանքներ չունի:

Երիտասարդ մասնագետը վստահ է, որ իր մասնագիտությունն օգտակար է գյուղում ապրելու պարագայում: Նա դեռ նպատակ ունի կատարելագործել իր հմտությունները և այժմ սովորում է Սիսիանի գյուղատնտեսական համալսարանում՝ հեռակա կարգով:

Խնձորուտը այն գյուղերից է, որը 2015 թվականին միացել է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող “Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում’’ ծրագրին:

Անասնաբուժական ծառայության կետի ստեղծումը, անասնաբուժական և արհեստական ​​սերմնավորման ծառայությունների հասանելիության բարելավումը ֆերմերներին աջակցվող նախաձեռնություններից էին:

Նախքան ծրագրին միանալը Սևադա Հմայակյանի գործունեությունը սահմանափակվում էր միայն պետական ​​պատվերի պատվաստման ծառայություններով: Նա անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ չուներ, գյուղում չկար դեղորայք և նա չէր վարձատրվում աշխատանքի համար: Դեղորայք գնելու ամենամոտ կետը Վայք քաղաքում էր, և այնտեղից դեղը վերցնելը մի քանի ժամ էր տևում: Հետեւաբար, իրենց գյուղում անասունների կորուստ հաճախ էր տեղի ունենում:

2015 թ. Նոյեմբերին Խնձորուտ գյուղում բացվեց անասնաբուժական ծառայության կետը` հագեցած բոլոր անհրաժեշտ գործիքներով, դեղամիջոցներով և միջոցներով: Երիտասարդ մասնագետն էլ իր հերթին մասնակցեց ծրագրի կողմից կազմակերպված մի քանի դասընթացների, որոնց ընթացքում կատարելագործեց իր հմտությունները և սովորեց անասունների արհեստական ​​սերմնավորում անել: Այսօր անասնաբուժական կետը փոքր բիզնես է դարձել Սևադայի համար՝ նա կազմակերպում է դեղորայքի և ներդրումների մատակարարումը, իսկ ֆերմերները սկսել են վճարել ոչ թե դեղորայքի, այլ ծառայության դիմաց:

Սևադան խորապես հավատում է, որ իմաստ չունի հեռանալ գյուղից, եթե ունես սիրելի աշխատանք: Նա հույս ունի, որ Խնձորուտի անասնաբուժական կետը կլինի ամենահայտնին տարածաշրջանում և նա կդառնա ամենապահանջված անասնաբույժը ոչ միայն Խնձորուտում, այլ նաև հարևան գյուղերում:

Գիտելիքը երիտասարդների բարեկեցության երաշխիքն է

31 -ամյա Հայկ Ավանեսյանը մեկն է այն երիտասարդ ֆերմերներից, ովքեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (ՇԶՀԳ) կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մասնակցել են դասընթացների, փորձի փոխանակման այցերի և ստացել անհատական ​​խորհրդատվություն անասնապահության, ֆերմայի կառավարման և բիզնեսի պլանավորման ոլորտում:

Հայկը կնոջ և ծնողների հետ ապրում է Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում: Նրա ընտանիքն ավելի քան 30 տարի զբաղվում է անասնապահությամբ, սակայն արդյունքները նրանց չէին գոհացնում. կաթի և մսի արտադրությունը բավական էր միայն ընտանիքի հիմնական կարիքները բավարարելու համար: Սակայն ավելի լավ վարձատրության համար Երևան կամ այլուր տեղափոխվելու փոխարեն Հայկը որոշեց մնալ գյուղում և անել հնարավորը՝ կայուն եկամուտ ստանալու համար: Հայկը սկսեց զարգացնել սեփական ֆերմա՝ հաշվի առնելով որ իրենց գյուղում առկա են անասնապահության հիմնական ծառայությունները՝  բարելավված ենթակառուցվածքներով արոտավայրեր, անասնաբուժական ծառայություններ և կաթի շուկա: Հայկը սկսեց ակտիվորեն մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացներին, ուսումնական ճամփորդություններին և այլ միջոցառումներին:

Անասնապահության արդյունավետ գործելակերպի մասին ձեռք բերված գիտելիքները թույլ տվեցին նրան սկսել անասնագոմի վերակառուցումը և ավելացնել կենդանիների թիվը: «Երբ ես վերակառուցում էի մեր անասնագոմը, նաև հաշվի էի առնում օդափոխության և լուսավորության պահանջները: Ես նույնիսկ փորձեցի սարքավորումներ կիրառել՝ ֆիզիկական աշխատանքը նվազեցնելու համար: Օրինակ, գոմաղբի հեռացումն այժմ կատարվում է ավտոմատացված տարբերակով, ինչը թույլ է տալիս ավելի արագ անել աշխատանքը և մաքուր պահել տարածքը : Ես գնել եմ նաև կթելու մեքենա և կիթը ևս ավտոմատ կերպով է կատարվում: Այս ամենը թույլ տվեց ինձ ժամանակ խնայել և ավելի շատ կենդանիներ պահել: Իրականում, մեծ աշխատանք ու ներդրումներ են պահանջվում կենդանիների համար իդեալական պայմաններ ապահովելու և կատարյալ անասնագոմ ստեղծելու համար: Բայց վերապատրաստումների ընթացքում ես հասկացա, որ նույնիսկ սահմանափակ ներդրումներով կարելի է ապահովել անասնապահության հիմնական պայմանները և ունենալ եկամտաբեր ֆերմա … »:

Սկսելուց ընդամենը մեկ տարի առաջ Հայկի ընտանիքն ուներ 8 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից միայն երկուսն էին կթու: Մեկտարի անց Հայկն ունի 22 խոշոր եղջերավոր անասուն, որից 13-ը `կթու: 2018 թվականի հունվարից նա վաճառել է մոտ 6000 լիտր կաթ «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին և 360 կգ միս. արդյունքում  նա ստացել է մոտ 2 մլն դրամի եկամուտ: Ըստ Հայկի, «Այս դասընթացների ընթացքում այլ երիտասարդ ֆերմերների հետ ձեռք բերված ընկերական կապերը դարձան շարժիչ ուժ: Միմյանց օգնելու ոգևորությունն ու պատրաստակամությունը համախմբեց մեզ. ժամանակ առ ժամանակ այցելում ենք հարևանությամբ գտնվող գյուղեր, ծանոթանում ֆերմերների հետ և տեղում յուրացնում նրանց փորձը, փոխանակվում գիտելիքներով, խորհրդատվություն ստանում և ձեռք բերված գիտելիքների օգտագործումը մեր տնտեսություններում: Ինքնավստահությունը, աշխատասիրությունը և ընտանիքի աջակցությունը հաջողության կարևոր նախադրյալներ են»: