Ավարտվեց ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում իրականացվող «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավը

Օգոստոսի 16-ին ավարտվեց 2021 թվականի մարտի 24-ին ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 25 խոշորացված համայնքների կողմից մեկնարկած արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով իրազեկման արշավը: Իրազեկման արշավն իրականացվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» և «Ավստրիական զարգացման գործակալության»  ֆինանսավորմամբ: Նոր կորոնովիրուսային վարակի տարածման պատճառով իրազեկման արշավը հիմնականում անցկացվել է առցանց սոցիալական հարթակների և լրատվական միջոցների օգնությամբ:

Արշավի նպատակն էր բնակչության շրջանում ձևավորել և ամրապնդել բնական ռեսուրսների, մասնավորապես՝ արոտի ողջամիտ ու անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ծրագրային թիմը տեխնիկական աջակցություն է տրամադրել Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 25 խոշորացված համայնքների համապատասխան աշխատակազմին` արշավի շրջանակներում տեքստային և վիզուալ տեղեկատվական նյութեր և հաղորդագրություններ մշակելու գործում: Երեք ամիսների ընթացքում 2 տեսագրություն, 36 տեքստային հաղորդագրություն է մշակվել և հրապարակվել համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերում կամ կայք էջերում:

Արշավի ընթացքում Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 5 խոշորացված համայնքների երեխաների համար կազմակերպվեց նկարչական մրցույթ  «Իմ արոտը» խորագրով, որը նպատակ ուներ բարձրացնել նրանց հետաքրքրվածությունն ու գիտելիքների մակարդակն արոտների պահպանման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև սերմանել պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ: Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց նկարած նկարները, որոնք արտահայտում էին երեխաների պատկերացումները արոտների վերաբերյալ: Արդյունքները ամփոփելուց հետո ընտրվեցին հաղթողները, ովքեր արժանացան պատվոգրերի և նվերների: Մյուս մասնակիցներին էլ տրվեցին խրախուսական պատվոգրեր և մասնակցությունը քաջալերող նվերներ:

Սոցիալական մեդիա հարթակների օգտատեր չհանդիսացող բնակչության իրազեկման համար ևս մշակվել և տարածվել են տեղեկատվական բուկլետներ երկու թեմաներով. «Արոտավայրերի կայուն կառավարման առավելությունները» և «Կերային մշակաբույսերի արտադրություն կլիմայի փոփոխության պայմաններում»:

Կաթի վերամշակման արտադրամասի գործարկում և թրեյնինգ Աճանանում

2021թ-ի օգոստոսի 9-12 ընկած ժամանակահատվածում «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող “Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում’’ ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր կաթի վերամշակման գործնական դասընթաց Սյունիքի մարզի Աճանան գյուղական բնակավայրի նոր արտադրամասում:

Դասընթացին զուգահեռ իրականացվել է արտադրամասի սարքավորումների դասավորվածության  որոշում և փորձարկում: Դասընթացի ընթացքում արտադրամասի աշխատակիցները սովորեցին կիրառել լաբորատոր և արտադրական սարքավորումները, ծանոթացան դրանց պահպանման և խնամքի ձևերին:  Լաբորատոր սարքավորումների փորձնական կիրառմանը զուգահեռ Ծրագրի տեխնոլոգ-խորհրդատուն աշխատակիցներին ներկայացրեց լաբորատոր վերլուծությունների տեսակները, դրանց կիրառման մոտեցումները և կարևորությունը որակյալ և կայուն արտադրանքի ստացման գործում: Արտադրամասի գործարկման նպատակով կազմակերպված թրեյնինգի ընթացքում կայացավ արտադրամասի առաջին փորձնական արտադրությունը՝ լոռի պանրի արտադրության տեսքով:

Արտադրամասի հիմնմանը զուգահեռ Ծրագրի աջակցությամբ իրականացվել է նաև թողարկվելիք արտադրանքի բրենդի ստեղծում՝ Աճանան կաթ անվանմամբ: Աճանանի նորաստեղծ արտադրամասն առաջին արտադրանքը նախատեսում է շուկային ներկայացնել 2021թ-ի ձմռանը՝ արտադրության փորձնական փուլի բարեհաջող ավարտից հետո:

Uncategorized

«ԽԵԿ-ի եղջերահատում և ԽԵԿ-ի կճղակների մշակում» թեմայով անասնաբույժների վերապատրաստման դասընթաց

2021թ. օգոստոսի 19-20-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» ծրագրի շրջանակներում «Սյունիքի անասնաշուկայում» անցկացվել է «ԽԵԿ-ի եղջերահատում և ԽԵԿ-ի կճղակների մշակում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ անասնաբուժների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով: Դասընթացին մասնակցել են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզի 23 անասնաբուժ:

Դասընթացի նյութը մատուցվել է տեսական և գործնական մասերով, որպեսզի գիտելիքները առավել ընկալելի լինեն, իսկ ձեռք բերված հմտությունները հեշտությամբ ամրապնդվեն: Դասընթացի տեսական մասի առաջին կեսին դասընթացավարը մանրամասն ներկայացրել է ԽԵԿ-ի եղջյուրների կառուցվածքը և ֆունկցիոնալ նշանակությունը, եղջերահատման ցուցումները և հակացուցումները, եղջեարհատման եղանակները: Երկրորդ մասի ընթացքում ներկայացվել է ԽԵԿ-ի կճղակների կառուցվածքը, հիվանդություններն ու բուժումը, իսկ վերջում՝ կճղակների մշակման տեխնիկան և առանձնահատկությունները: Տեսական մասը անցել է մասնագիտական քննարկումների և ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով:

Հաջորդ օրը մասնակիցներին ցուցադրվել է եղջերահատման և կճղակների մշաան տեխնիկան՝ նշված միջամտությունների ցուցումներ ունեցող կենդանիների վրա, միևնույն ժամանակ պահպանելով կենդանիների նկատմամբ վարվելակերպի բոլոր կանոնները:

Դասընթացի գործնական փուլում անասնաբուժները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և իրականացրել են որոշ միջամտություններ:

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի ամփոփիչ սեմինար-քննարկում

Օգոստոսի 27, 2021, Ծաղկաձորում տեղի ունեցավ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի ամփոփիչ սեմինար-քննարկում: Միջոցառման մասնակից-գործընկերների թվում էին Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ծրագրի շահառու ֆերմերներն ու վերամշակողները, շահառու համայնքների ղեկավարներ, ինչպես նաև ՌԶԳ ՀԿ-ի աշխատակիցները:

Միջոցառման ընթացքում ծավալուն զեկույցների միջոցով ամփոփվեցին ծրագրի արդյունքները, մատնանշվեցին բոլոր ձեռքբերումները, փորձությունները և արձանագրվեցին քաղված դասերը, որոնք մեծ ներդրում կլինեն հետագա ծրագրերում  աշխատանքն էլ  ավելի կատարելագոծելու և ավելի արդյունավետ դարձնելու հարցում: Զեկուցողները բաղադրիչ առ բաղադրիչ ներկայացրեցին ծրագրի ընթացքում իրականացրած աշխատանքները՝ մասնավորապես շուկայի hասանելիության և զարգացման, ենթակառուցվածքների բարելավման,  անասնաբուժական ծառայությունների հասանելիության ուղղությամբ իրականացված գործողություններ: Ինչպես նաև ծավալվեց քննարկում ծրագրի բնապահպանական և գենդերային հարցերի շուրջ:

Միջոցառումն ամփոփվեց շնորհակալագրերի հանձմամբ՝ ՌԶԳ ՀԿ-ի նախագահ պ-ն Մկրտիչ Այվազյանի կողմից:

Uncategorized

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի ներկայացում/ հանդիպումներ թիրախային մարզերում

2021թ-ի օգոստոսի 5-19 ընկած ժամանակահատվածում  Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել ծրագրի թիրախ հանդիսացող Տավուշ, Լոռի, Սյունիք և Վայոց Ձոր մարզերում: Հանդիպումներին ներկա են եղել WWF-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի ներկայացուցիչները, նախնական թիրախ ընտրված բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետերը և մարզպետարանների ներկայացուցիչները: Տեղի ունեցած հանդիպում-քննարկումների ընթացքում «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրել են «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրին, իրականացման նպատակներին ու  հնարավոր ուղղություններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համայնքների բնական ռեսուրսների արդյունավետ և կայուն օգտագործման  և կառավարման մեխանիզմները: Ինչպես նաև քննարկվեցին համայնքների  զարգացման հնարավոր ուղղությունները և ֆերմերների, գյուղական բիզնեսների և գյուղական բնակչության եկամուտները ավելացնելու հնարավորությունները և ներուժը:

Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ  հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը համարվում է «էկոլոգիական միջանցքների հիմնադրամ Կովկասի համար» (ECF)  տարածաշրջանային ընդլայնված ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KfW զարգացման բանկի կողմից։