Uncategorized

Մասնակցություն WTM London-2024 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ԼԻԼԱ ծրագրի շրջանակում

Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում տեղի ունեցավ WTM London միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը ներկայացրեց միասնական մեծ տաղավարով։

WTM London-2024-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ մասնակցեց նաև ծրագրի գործընկեր Nueva Vista տուրօպերատորը։

WTM London-ը, միավորելով շուրջ 184 երկրներից զբոսաշրջային ոլորտի մասնագետների, հանդիսանում է աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը։

ԼԻԼԱ ծրագրի գործընկեր տուրօպերատորը ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և բնահեն փորձառությունները, ինչպես նաև ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված կայուն, ներառական զբոսաշրջային արդյունքները։

Ցուցահանդեսին հայաստանյան ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շփվելու այցելուների, ոլորտի մասնագետների և հնարավոր գործընկերների հետ:

Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ուներ ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու կայուն զարգացմանը:

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

Դասընթաց՝ փորձառական զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակում նոյեմբերի 2-3-ը Իջևանում և Եղեգնաձորում կազմակերպվեց «Փորձառական զբոսաշրջային ծառայությունների և LIKE LOCAL թվային հարթակում գրանցվելու ուղեցույցի առանձնահատկությունները» թեմայով դասընթացներ։

Դասընթացը վարեցին LIKE LOCAL թվային հարթակի ներկայացուցիչ Գևորգ Բաբայանը և փորձագետ Սիրարփի Ֆահրադյանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ինտերակտիվ քննարկումների միջոցով ծանոթանալու զբոսաշրջային արտադրանքի մշակման մոտեցումներին, դրանց զարգացման  վրա ազդող գործոններին, ինչպես նաև միջազգային հարթակում  այլընտրանքային զբոսաշրջային ծառայությունների  մատուցման առանձնահատկություններին։

Դասընթացի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող  պահանջներին, ներկայացվող արվեստին և արհեստներին, տեղական փորձառությանը, ինչպես նաև սննդի սպասարկմանն ու հիգիենայի կանոների պահպանմանը։

Այնուհետև դասընթացի մասնակիցները ծանոթացան «LIKE LOCAL» թվային հարթակում գրացվելու ուղեցույցի մանրամասներին և առանձնահատկություններին, որտեղ անդրադարձ կատարվեց նաև հաշվի կառավարման հմտություններին, թվային գործիքների կիրառմանը հյուրերի հետ հաղորդակցման ժամանակ, տեխնիկական այլ հարցերի։

Դասընթացի շրջանակում հատուկ անդրադարձ կատարվեց նաև հյուրերի սպասարկման հիմունքներին, հմտություններին, միջմշակութային և էթիկային կանոններին։

 

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

 RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Փոխանակման այց Ֆրանսիա՝ «Լիմուզին ցեղի կովեր Հայաստանի համար» ծրագրի շրջանակում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համագործակցության շրջանակում մեկնարկել է «Լիմուզին ցեղի կովեր Հայաստանի համար» ծրագիրը։

Սեպտեմբերի 13-20-ը փորձի փոխանակման նպատակով Ֆրանսիա այցելեցին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչները։

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան լիմուզին ցեղի կովերի բուծմամբ հայտնի ֆրանսիական Վերին Վիեն (Haute Vienne), Կորեզ (Corrèze) և Դորդոն (Dordogne) շրջաններում, այցելեցին ֆերմաներ և ցուցահանդեսներ՝ ծանոթանալու այս ցեղի բուծման և պահման առանձնահատկություններին՝ Հայաստանում համապատասխան բուծման պայմաններ ապահովելու ուղղությամբ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 2025 թվականի գարնանը Ֆրանսիայից Հայաստան ներկրել լիմուզին ցեղի 50 գլուխ երինջ։

Uncategorized

Աշխատաժողով`  սպանդանոցներում առկա խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ

«Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-2-ը Ծաղկաձորում անցկացվեց աշխատաժողով՝ սպանդանոցներում առկա խնդիրների ու առաջարկվող լուծումների, HACCP համակարգի ներդրման հնարավորությունների և գյուղատնտեսության ոլորտում գենդերային դերերի բաշխվածության թեմաներով։

Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ԷՆ և ՍԱՏՄ պատասխանատուներ, «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը , և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, երկու ծրագրերի գործընկերները։

Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ  քննարկում ծավալվեց սպանդանոցային ոլորտում առկա խնդիրների  և առաջարկվող լուծումների վերաբերյալ։

Այնուհետև ՀՀ-ում բուծվող մաքրացեղ ԽԵԿ-երի պահվածքի, խնամքի և բտման առանձնահատկությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ՀԱԱՀ Մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոնի դոցենտ Տ. Չիտչյանը։«Կին և տղամարդ աշխատակիցների ու գործընկեր ֆերմերների հզորացում՝ ի նպաստ արտադրողականության բարձրացման» թեմայով զեկույց ունեցավ գենդերային հարցերով խորհրդատու Աննա Պողոսյանը, որին հաջորդեցին քննարկումները գյուղատնտեսության ոլորտում գենդերային դերերի բաշխվածության շուրջ։

Երկօրյա աշխատաժողովի վերջին թեեման նվիրված էր ՀՀ կաթի և մսի արժեշղթաներում ներգրավված ընկերությունների համար  HACCP համակարգի ներդրման հնարավորություններին, որը ներկայացրեց կառավարման համակարգերի խորհրդատու Արթուր Բաղդասարյանը։

«Անասնապահության զարգացում Հայաստանում. հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Uncategorized

Կայացավ մարզային խոհանոցների գրքերի շնորհանդեսը

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում կազմակերպեց համաժողով՝ նվիրված ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային փոխտնօրեն Ուրսուլա Լաուբլին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, բարձրաստիճան հյուրեր:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը ներկայացրեց ռազմավարության հիմնական ուղղությունները՝ մշակված Տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ, ինչին հաջորդեցին թեմատիկ պանելային քննարկումները և Սեդրակ Մամուլյանի հեղինակած «Սյունիքի խոհանոց», «Վայոց ձորի խոհանոց», «Տավուշի խոհանոց», «Լոռվա խոհանոց» գրքերի շնորհանդեսը։

Միջոցառմանը ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեց ծրագրի  շրջանակում հրատարակված գրքերի կարևորությունը մարզային խոհանոցները վերակենդանացնելու, մարզերում  գաստոզբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից՝ ընդգծելով մարզերի հարուստ բնության, ազգային խոհանոցի ու զբոսաշրջության կապը։

Այնուհետև հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու մարզային խոհանոցների բաղադրատոմսերից պատրաստված կերակրատեսակներ և աղանդներ։ Գինու հյուրասիրությունն ապահովեց ԼԻԼԱ ծրագրի շահառու-գործընկեր «Կրիա» գինիների գործարանը։

Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի գրքերի տպագրությունը կատարվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի, իսկ Սյունիքի գիրքը՝ RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում։

 ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ–ի հետ համատեղ: