Uncategorized

Համագործակցության նոր ձևաչափ՝ LILA և RECONOMY ծրագրերի միջև

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակներում հոկտեմբերի 4-ին համատեղ աշխատանքային քննարկում կազմակերպվեց ԼԻԼԱ ծրագրի շահառու զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների (DMO) ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման նպատակը Like Local թվային հարթակում ԼԻԼԱ ծրագրի թիրախային բնակավայրերի ընտանիքների բացահայտմանն ու ներգրավմանն ուղղված աշխատանքների պլանավորումն էր։

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի համակարգող Ալլա Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի միջամտության ոլորտները, այդ թվում՝ տուրիզմը, դրանց թվայնացման փորձը RECONOMY ծրագրի թիրախային տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում ու Բալկաններում։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի թիրախային՝ Լոռու, Վայոց ձորի, Տավուշի ու Սյունիքի մարզերում կայուն և ներառական զբոսաշրջությունը զարգացնելու և այս համատեքստում գյուղաբնակ ընտանիքներին ընդգրկելու միջոցով Հայաստան այցելող զբոսաշրջիկներին աուտենտիկ զբոսաշրջային փորձառություններ տրամադրելու և դեպի հեռավոր բնակավայրեր զբոսաշրջային հոսքեր ուղղելու կարևորությունը։

Like Local թվային հարթակի հիմնադիր Գևորգ Բաբայանը ընդհանուր տեղեկություններ հաղորդեց հարթակի գործունեության և միջազգային փորձի փոխանակման վերաբերյալ,  ինչպես նաև պատրաստակամությունը ընդգրկելու ԼԻԼԱ ծրագրի թիրախային համայնքներում ինքնատիպ կենցաղով ապրող ընտանիքների, որոնք կկարողանան հյուրընկալել զբոսաշրջիկների և կբավարարեն հարթակին միանալու պահանջները:

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի պատասխանատու Կարինա Հարությանն  այս համատեքստում ընդգծեց զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների դերն այդ ընտանիքներին բացահայտելու, տեղեկությունները ճիշտ հավաքագրելու  և թվայնացնելու գործում։

Հանդիպմանը համագործակցության հուշագրեր ստորագրվեցին զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների և Like Local թվային հարթակի միջև։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

ՄԱՎԵՏԱ ծրագրին միացան մասնավոր հատվածի նոր գործընկերներ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ ծրագրի նոր գործընկեր մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսումնական հաստատությունների տնօրենների հանդիպում։

Հանդիպմանը ներկա էին նաև HEKS/EPER ՄԿՈՒ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյը, Բեռնի կիրառական գիտությունների դպրոցի պրոֆեսոր  Յոհաննես Բրունները։

Ողջույնի իր խոսքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց, որ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում կազմակերպությունը կշարունակի աջակցել դուալ կրթական մոտեցմամբ գյուղատնտեսական մասնագիտությունների ներդրմանն ու դրանց ուսուցման արդիականացմանը, գործատու-քոլեջ կապի ամրապնդմանը՝ միտված մրցունակ մասնագետների պատրաստմանը ու նրանց զբաղվածության ապահովմանը։

HEKS/EPER ՄԿՈՒ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյը և Բեռնի կիրառական գիտությունների դպրոցի պրոֆեսոր  Յոհաննես Բրունները իրենց ելույթներում ընդգծեցին պատրաստակամությունը շարունակելու ջանքերը ոլորտի միջազգային լավագույն՝ շվեյցարական փորձը Հայաստանում ներդնման, տեղայնացման և գյուղատնտեսության ոլորտում կրթության արդիականացման գործում։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը գոհունակությամբ նշեց, որ 2024-2025 ուսումնական տարում ծրագրով ներդրված մասնագիտություններով ընդունելությունը բավականին բարձր ցուցանիշներ է գրանցել և կարևորեց մասնավոր հատվածի նոր գործընկերների ակտիվ ներգրավվածությունը դուալ մոտեցմամբ կրթության իրականացման հարցում։

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Աննա Տոռոզյանը և ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի կրթական ծրագրի ղեկավար Մերի Յոլյանը իրենց ելույթներում ընդգծեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  աջակցությունը քոլեջների կարողությունների զարգացման, դուալ կրթական մոտեցմամբ գյուղատնտեսական մասնագիտությունների ներդրման, գործատու-քոլեջ համագործակցության խթանման, ինչպես նաև դասավանդողների վերապատրաստման և քոլեջների տեխնիկական վերազինման հարցերում։

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱՎԵՏԱ ծրագրին միացած մասնավոր հատվածի նոր 28 գործընկերների միջև։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Համագործակցության հուշագիր «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի միջև սեպտեմբերի 26-ին կնքվեց համագործակցության հուշագիր։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր խոսքում ընդգծեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ երկար տարիների համագործակցությունը և ֆեդերացիային ցուցաբերած աջակցության կարևորությունը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը հավաստիացրեց, որ կազմակերպությունը Հայաստանում զգոսաշրջության զարգացումը համարում է ռազմավարական ուղղություններից մեկը և կօժանդակի ոլորտի թվայնացմանն ուղղված ջանքերին։

Այնուհետև «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանն ու Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը քննարկեցին առաջիկա անելիքները և գործողությունների պլանը։

Ծրագրով նախատեսվում է զարգացնել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կարողությունները՝ թիրախային խմբերին, մասնավորապես՝ կանանց, երիտասարդների ու խոցելի խմբերին, տրամադրելու ոչ ֆորմալ կրթություն զբոսաշրջության ոլորտում առկա թվային պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ։

Որպես ծրագրի վերջնարդյունք ակնկալվում է զբոսաշրջության ոլորտում ունենալ թվային նորարական գիտելիքներով օժտված աշխատուժ՝ ընդլայնելով նրանց աշխատունակությունն ու եկամտի ստացման հնարավորությունները։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն” ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

Տեսական և գործնական դասընթաց՝ «Մրգի և ընկույզի այգիների մշակման նորարարական մոտեցումները» թեմայով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 16-20-ը իրականացվեց հնգօրյա տեսական և գործնական դասընթաց՝ «Մրգի և ընկույզի այգիների մշակման նորարարական մոտեցումները» թեմայով։

Դասընթացին մասնակցեցին ՀԱԱՀ Երևանի քոլեջի և Սիսիանի մասնաճյուղի, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի համապատասխան առարկաների դասախոսները և ոլորտի մասնավոր հատվածի գործընկեր կառույցների այգեգործները։

Հնգօրյա դասընթացը վարում էր գյուղատնտեսական ինժեներ՝ Խոսե Լուիս Յուստե Սանչեսը, ով ժամանել էր Իսպանիայի Վալենսիա քաղաքից։ Դասընթացավարը մասնակիցներին ներկայացրեց հողի պատրաստման և մշակման նորարարական մոտեցումները, ոռոգման մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձը։

Տեսական մասին  զուգահեռ դաշտային այցեր իրականացվեցին Արմավիրի մարզի Արտամեդ և Վանանդ համայնքներում հիմնված նշենու, ընկուզենու և պիստակի այգիներ, որտեղ փորձագետը մասնակիցներին գործնական դասընթացի միջոցով ներկայացրեց պտղատու այգիների պլանավորման և հիմնման ժամանակ կիրառվող միջազգային փորձը, ճիշտ խնամքը, էտման և ձևավորման կարևորությունը, պարարտացման ու վնասատուների, հիվանդությունների կառավարման նոր մոտեցումները։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

Հանդիպում՝ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի թիմը ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 17-ին հյուրընկալեց գործընկեր ՀԵԼՎԵՏԱՍ կազմակերպության և ծրագրի գործընկեր «ՍՔԱՅԱԳՐՈ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին։

Կողմերը քննարկեցին ծրագրային նպատակներին առնչվող միջոցառումները, ինչպես նաև տվյալների հավաքագրման համար կիրառվող համակարգերը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՍքայԱգրո-ի ծառայություններից օգտվող երկու ֆերմերներ, որոնք ներկայացրեցին ընկերության ծառայություններից օգտվելու արդյունքում ունեցած դրական փորձը` ծախսերի կրճատման ու խնայողության տեսանկյունից։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով Ռազմավարական զարգացման գործակալության ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։