Uncategorized

Գործընկերների տարավերջյան հանդիպում՝ RECONOMY և LILA ծրագրերի շրջանակում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» (RECONOMY) և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA)  ծրագրերի շրջանակներում ս․թ․ դեկտեմբերի 13-ին Երևանում անցկացրեց գործընկերների տարեվերջյան հանդիպում։

«Տնտեսական զարգացման խթանում կայուն զբոսաշրջության և թվային լուծումների միջոցով» խորագրի ներքո համատեղ միջոցառումը նպատակ ուներ նպաստելու զբոսաշրջության կայուն զարգացման և թվային փոխակերպման նորարարական մոտեցումների ինտեգրմանը: Այն միավորեց կառավարության ոլորտային նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների և միջազգային գործընկերների՝ Մոլդովայից, Չեխիայից, Վրաստանից, Շվեյցարիայից և Միացյալ թագավորությունից (առցանց)։

Ողջունելով ներկաներին՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց, որ երկու ծրագրերը առանցքային դեր են խաղում կայուն զարգացման խթանման և փոքր ու միջին բիզնեսներին աջակցելու գործում, հատկապես՝ հեռավոր համայնքներում:

«Վստահ եմ, որ միավորելով հիմնական շահագրգիռ կողմերին զբոսաշրջության և հյուրընկալության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության, առաջատար տեխնոլոգիաների ոլորտներից՝ այս հարթակը նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության համար»:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրոմը, RECONOMY-ի գործառնությունների ղեկավար Էլենէ Թխլաշիձեն՝ իրենց ելույթներում կարևորելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի դերակատարությունը և կառույցի հետ տարիների համագործակցությունը։

Պանելային քննարկումներն ընթացան «Ոլորտային կազմակերպությունների շահերի պաշտպանության նախաձեռնություններ․ Արևելյան գործընկերության երկրներում թվային փոխակերպման փորձը» և «Փոփոխությունների խթանում. տնտեսական աճի  և բնապահպանական պատասխանատվության պահպանում կայուն զբոսաշրջության միջոցով» թեմաներով, որոնց մասնակցեցին ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ, միջազգային փորձագետներ։

Այնուհետև Մհեր Սահակյանը ներկայացրեց «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ընթացքն ու ձեռքբերումները, իսկ Ալլա Ղազարյանը՝  «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրով արդեն իսկ արձանագրված արդյունքները։

Երկու ծրագրերի գործընկերներն ու շահառուները հնարավորություն ունեցան առանձին աշխատաժողովների ձևաչափով քննարկել նեղ ոլորտային հարցեր ու հնարավոր համագործակցություն պլանավորել 2025 թվականի համար։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագիրը բնապահպանությանն ու կայուն զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր է, որն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:  

«Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական արժեշղթաները» թեմայով աշխատաժողով

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ս․թ․ դեկտեմբերի 12-ին կազմակերպվեց «Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական արժեշղթաները» թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովը նպատակ ուներ շահագրռիր կողմերին ներկայացնել և իրենց հետ քննարկել «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում առկա արժեշղթաների վերլուծությունը և ֆոկուս խմբային քննարկման ձևաչափի միջոցով վերհանել արժեշղթաներում նորարարության և արժեքի ավելացման ներկայիս հնարավորությունները պահանջարկի և առաջարկի մակարդակներում։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Uncategorized

Դասընթաց՝ քոլեջների ԴՈՒԱԼ-ի պատասխանատուների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 5-6-ը Երևանում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց «Դուալ մասնագիտական կրթության և ուսուցման կառուցվածքային գործընթացներ և իրականացման ընթացակարգեր» թեմայով:

Դասընթացին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների ԴՈՒԱԼ-ի պատասխանատու դասավանդողները։ Այն անցկացրեց HAFL-ի փորձագետ Յոհաննես Բրունները:

Երկօրյա վերապատրաստման աշխատաժողովը նպատակ ուներ ուսանողների գործնական աշխատանքը ընկերությունում համակարգող դասավանդողներին փոխանցել հիմնարար կարողություններ՝ համապատասխան ընկերությունների ընտրման, իրավապայմանագրային հարաբերությունների կազմակերպման, աշխատավայրում հանձնարարությունների կատարման և ուսումնառության գործընթացին ուղղորդված աջակցության ցուցաբերման վերաբերյալ։

Դասընթացին քոլեջների ԴՈՒԱԼ-ի պատասխանատու դասավանդողներին հնարավորություն ընձեռվեց զարգացնել կոնֆլիկների լուծման և ուսանողներին ԴՈՒԱԼ կրթության գործընթացում ուղղորդման, ինչպես նաև ուսանողների կողմից ձեռք բերված հմտությունների և աշխատունակության արդյունավետ գնահատման կարողունակությունները։

Uncategorized

Հավաստագրերի հանձնման արարողություն RECONOMY ծրագրի շրջանակում

Դեկտեմբերի 4-ին Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայում տեղի ունեցավ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից Ամադեուս ամրագրման համակարգի ուսուցման կարճաժամկետ դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը։

Դասընթացին մեթոդական և տեխնիկական աջակցություն է տրամադրվել RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի կողմից։

Դասընթացի առաջին շրջանավարտներին ողջունեցին և աշխատանքային հաջողություններ մաղթեցին «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Այնուհետև շրջանավարտները զբոսաշրջության ոլորտում ազգային խոհանոցի դերի կարևորության շուրջ զրույց-քննարկում ունեցան «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ, վայելեցին ավանդական ուտեստներ։

Հիշեցնենք, որ Ամադեուս ամրագրման համակարգում աշխատելու գիտելիք և կարողություն ունեցող մասնագետները հնարավորություն կունենան աշխատել զբոսաշրջության ոլորտում համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպություններում։

Uncategorized

Աշակերտների ուսումնաճանաչողական այց նշի արտադրությամբ զբաղվող «Վանանդ ագրո» ՓԲԸ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Արմավիրի մարզի, Վաղարշապատի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի աշակերտների համար նոյեմբերի 28-ին կազմակերպեց ուսումնաճանաչողական այց նշի արտադրությամբ զբաղվող «Վանանդ ագրո» ՓԲԸ։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանն իր խոսքում նշեց, որ այցը նպատակ ունի դպրոցականներին ծանոթացնել մրգի և ընկուզեղենի այգիներում աշխատող այգեգործի մասնագիտությանը, որը ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից դուալ ուսուցմամբ ներդրված մասնագիտություններից է։
«Վանանդ ագրո» ՓԲԸ-ի ֆերմայի կառավարիչ Հայկ Ստեփանյանը ներկայացրեց այգեգործի մասնագիտությունը, աշխատանքի ընթացքում կիրառվող սարքավորումներն ու գյուղմեքենաները և պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին։
Աշակերտները հնարավորություն ունեցան շրջել նշի այգիներում, ծանոթանալ տարբեր տարիքային տնկիներին և տեղեկատվություն ստանալ այգեգործության մասին։ Նրանք մեծ ոգևորությամբ ուսումնասիրեցին ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ իրականացվող նշի ջարդման և տեսակավորման գործընթացը։