NEWSARM

Այց Լոռու մարզի դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 13-14-ը իրականացվեց մասնագիտական կողմնորոշման այց Տաշիրի թիվ 1 և թիվ 2 ու Ստեփանավանի թիվ 3 և թիվ 6  հիմնական դպրոցներ։

Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրն ու դուալ ուսուցմամբ Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրված մասնագիտությունները, դուալ ուսոուցման առավելությունները և քոլեջ-գործատու համագործակցությունը։

Ծրագրի մասնավոր հատվածի գործընկերները ներկայացրեցին  գյուղատնտեսության ոլորտում մասնագետների աճող պահանջարկն աշխատաշուկայում, մասնավորապես՝ անասնաբույժների, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգների, գյուղատնտեսական մեքենաների տեխնիկների և ֆերմերային տնտեսության կազմակերպման մասնագետների սղությունը և ընդգծեցին որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտությունը։

Քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Կամո Ջիլավյանը  ներկայացրեց քոլեջի հնարավորություններն ու առկա մասնագիտություններն՝ իրենց առավելություններով։

Հանդիպումներին ներկա էին ավելի քան 150 աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտության ուսուցման տևողության վերաբերյալ։

 ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: