Uncategorized

«Գենդերային և սոցիալական զգայուն մոտեցումների ինտեգրումը գյուղատնտեսական մասնագիտություններում»

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում նոյեմբերի 25-ին Սյունիքի մարզի դը Ռանչի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Գենդերային և սոցիալական զգայուն մոտեցումների ինտեգրումը գյուղատնտեսական մասնագիտություններում» թեմայով դասընթաց, որը վարեց ՌԶԳ գենդերային հավասարության մասնագետ Մարիամ Մելիքյանը։
Դասընթացին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողները և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։
Մասնագետը ներկայացրեց Հայաստանում առկա գենդերային իրավիճակի գնահատումը, միջազգային փորձն ու տենդենցները։ Ինտերակտիվ քննարկումների և խմբային աշխատանքների ժամանակ մասնակիցները անդրադարձան միջին մասնագիտական կրթական հաստատություններում, մասնավորապես՝ գյուղատնտեսական մասնագիտություններով սովորող ուսանողների գենդերային և սոցիալական ինտեգրման խնդիրներին ու հիմնահարցերին։
Դասընթացի ընթացքում արդրադարձ կատարվեց նաև Հայաստանում միջին մասնագիտական կրթական հաստատություններում, ինչպես նաև գյուղատնտեսական մասնագիտություններում սոցիալական ներառականության հիմնահարցերին, որի ընթացքում մասնագետը կիսվեց գործնական մի շարք խորհուրդներով սոցիալապես խնդրահարույց անձանց հետ արդյունավետ աշխատանքներ տանելու համար։
Դասընթացի ընթացքում իրականացված քննարկումը հնարավորություն ընձեռեց ընդգծել գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության, սոցիալական ներառականության և հանրային ընկալումներում նրանց դերի բարձրացման անհրաժեշտությունը։
💁‍♂️ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
Uncategorized

🟠 Կայուն հաջողություն. Շվեդական «նոու-հաուն» առևտրի և զարգացման համագործակցության ոլորտում

Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը նոյեմբերի 19-ին մասնակցեց Շվեդիայի դեսպանության կողմից կազմակերպված բնապահպանական կայունության, մրցունակության և շուկայի հասանելիության վերաբերյալ ֆորումին։
🇸🇪 Ողջունելով մասնակիցներին՝ Ն․Գ․ դեսպան պարոն Պատրիկ Սվենսսոնը իր ելույթում վերահաստատեց Շվեդիայի հանձնառությունը Հայաստանի հետ Շվեդիայի գործընկերության զարգացման և զարգացման համագործակցության ընդլայնման գործում:
Շուրջ 80 մասնակիցներ, այդ թվում՝ գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ և զարգացման ոլորտի մասնագետներ քննարկեցին կայունության, առևտրի և տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր:
«Շվեդիայի գործընկերություն հանուն կայուն զարգացման․ կայունություն և արտահանման պատրաստակամություն» թեմայով պանելային քննարկմանը Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի տարիների համագործակցությունը շվեդական կողմի հետ, RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» և այլ ընթացիկ ծրագրերով կազմակերպության ներդրումը կայուն տնտեսական զարգացմանը։
«Աշխատելով Հայաստանի ավելի քան 200 բնակավայրերում՝ 2002 թվականինց մինչև այսօր ՌԶԳ-ի առաքելությունը՝ խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, մնացել է անփոփոխ․ «դրական փոփոխություն բերել մարդկանց իրական կյանքում», – ընդգծեց Մկրտիչ Այվազյանը։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ

Նոյեմբերի 20-ին Գյումրիի սելեկցիոն կայանում տեղի ունեցավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեվերջյան նիստը։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը, Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Նորիկ Մկրտչյանը, ծրագրի թիրախային համայնքների ներկայացուցիչներ։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի առաջընթացի ու մինչև այժմ գրանցված արդյունքների մասին ներկայացրեց ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։

«Տավարաբուծության ճյուղում մթերատվության բարձրացման փորձնական և համազգային ծրագրերի» իրականացման վերաբերյալ ՌԶԳ-ի հնարավոր ներգրավվածության ուղղությունների մասին ներկայացրեց կենդանիների առողջության և բուծման մասնագետ Միքայել Հայկունին։

Ընդգծվեց, որ «Գյումրու տոհմակայանի» հիմնումը և շահագործումը թույլ կտա նպաստել հանրապետությունում ԽԵԿ-ի մթերատվության բարձրացմանը։

ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը  ներկայացրեց մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի իրականացման պետական մոտեցումները։

Հանդիպմանը ՌԶԳ-ն հանդես եկավ անասնապահության ոլորտում  ևս մեկ կարևոր ծրագրային նախաձեռնությամբ՝ ուղղված նախրաքաշի կարգավորմանը։ Այն  հոտերի և նախիրների արածեցման սեզոնային տեղաշարժի համակարգված կազմակերպումն է։

Այնուհետև հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին ոլորտում տեղական, պետական ու միջազգային  ներգրավվածությամբ հնարավոր համագործակցության շուրջ։

«Անասնապահության զարգացում Հայաստանում. հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Uncategorized

«Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» դասընթաց Սյունիքի մարզի սկսնակ ֆերմերների համար

Ինքնազբաղվածությունը խթանելու նպատակով «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 2-ը իրականացվեց «Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» թեմայով պրակտիկ դասընթաց և խորհրդատվություն` սկսնակ ֆերմերների և ֆերմերային տնտեսություն վարող անհատների համար՝ բարելավելու վերջիններիս բիզնեսի պլանավորման և վարման գիտելիքներն ու կարողությունները:
Դասընթացի ընթացքում ֆերմերները սովորեցին, թե ինչպես պլանավորել և հիմնել ֆերմերային տնտեսությունը, այն արդյունավետ կառավարել սահմանափակ ռեսուրսների դեպքում, ուսումնասիրել շուկաները, ավելացնել եկամուտները և վերլուծել գործունեության «թվերը»՝ պոտենցիալ կենսունակ գաղափարների SWOT վերլուծության գործիքի համադրմամբ։
Դասընթացից հետո ևս ծրագրի մասնակիցները անհատական մասնագիտական ու բիզնես խորհրդատվություն են ստանում իրենց գործունեության համար ֆերմայի զարգացման ծրագիր կազմելու, այն ավարտուն տեսքի բերելու և ընտանեկան գործունեությունից բիզնեսի անցնելու քայլերի վերաբերյալ։
Uncategorized

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի թիմի հանդիպումն Արարատի մարզպետի աշխատակազմի հետ

Ս․թ․ նոյեմբերի 20-ին ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հյուրընկալեց «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուի գլխավորած պատվիրակությանը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

Հանդիպման ընթացքում ծրագրի թիմը ներկայացրեց Արարատի մարզի համար նախատեսված միջոցառումները՝ ուրվագծելով հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Քննարկվեց ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների հասանելիության կարևորությունը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք խոչընդոտում են մարզի տնտեսական աճին:

ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն իր աջակցությունը  հայտնեց ծրագրին։ «Մեր ֆերմերները իրենց գործունեությունը բարելավելու համար կարիք ունեն գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների և ծրագրի այս բաղադրիչը շատ կարևոր ու պահանջված է»,-ասաց նա։

Այս հանդիպման նպատակն էր խթանել համագործակցություն մարզպետի աշխատակազմի և գյուղատնտեսական աջակցության կենտրոնների համակարգողների միջև՝ Արարատի մարզում ավելի դիմակայուն և արդյունավետ գյուղատնտեսական համակարգ ստեղծելու համար: