Կայացավ ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը

Ս.թ. մարտի 11-12-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից  իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ՄԿՈՒ ոլորտի առաջնային խնդիրները, ԱՀՈՒ պիլոտի արդյունքները և հնարավորություն ընձեռել ներկաներին՝ գտնելու համագործակցության նոր եզրեր:

Միջոցառման մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ՝ տկն. Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ՝ տկն. Վիկտորիա Պողոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար՝ պրն. Դավիթ Ավագյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար՝ տկն. Լիլիթ Հովհաննիսյանը: Ելույթ ունեցողները կարևորեցին Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես համավարակի հետ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում՝ նշելով տվյալ մոդելի իրագործման զարգացման անհրաժեշտությունը հեռանկարային նոր մասնագիտությունների և կրթական մոդուլների մշակման ուղիների համատեքստում:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Եվրոպական կրթական հիմնադրամի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Զբաղվածության պետական գործակալության, ծրագրի գործընկեր հանդիսացող Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների և գործատուների, ինչպես նաև մի շարք այլ քոլեջների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա միջոցառման ընթացքում մասնակիցների միջև ակտիվ քննարկումներ տեղի ունեցան ԱՀՈՒ կրթական մոդելի ներդրման հետ կապված առկա խոչընդոտների, դրանց շտկման և արդյունավետության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ:

Uncategorized

Հուշագրերի ստորագրմամբ պաշտոնապես մեկնարկեց «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրը

2021թ․ մարտի 5-6-ին տեղի ունեցավ ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված հանդիպում-քննարկումը։

Հանդիպմանը ներկա էին ծրագրի՝ կարիքների գնահատման փուլում հատկորոշված գործընկերները՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի, «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիայի ներկայացուցիչները։

SIDA-ի գործընկեր  HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի առանցքային նպատակն է (ինքնա)զբաղվածության կենսունակ հնարավորություններ ստեղծել կանանց և երիտասարդների համար մասնավորապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում՝ հզորացնելով հմտություններ և գիտելիք մատուցող կառույցների կարողությունները, ինչպես նաև շահառուներին առաջարկելով ժամանակակից աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ոչ ֆորմալ դասընթացներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու խնդիրները, գործընկերների հետ համագործակցության համատեքստում COVID_19-ով և Հայաստանում հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված մարտահրավերներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները։ Քննարկման ընթացքում կարևորվեց 2020թ․Արցախյան երկրորդ պատերազմում տուժածների և նրանց ընտանիքների կարողունակության բարձրացման և ժամանակակից աշխատաշուկային նրանց ինտեգրմանն աջակցությունը։

Ծրագրի մեկնարկը նշանավորվեց գործընկերների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվ գործակցության՝ ի շահ ծրագրի սահուն իրականացման և դրական արդյունքների։

Uncategorized

«Հելվետաս շվեյցարական փոխգործակցության» ներկայացուցիչների պաշտոնական այցը Հայաստան

2021 թ. փետրվարի 22-24-ին «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում Հայաստան են այցելել Helvetas շվեյցարական փոխգործակցության ներկայացուցիչները: Նրանց այցի հիմնական նպատակն էր հանդիպել ՌԶԳ ՀԿ-ի աշխատակիցներին ու ծրագրի գործընկերներին և քննարկել առկա իրավիճակն ու զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում առկա բացերը:

Եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում Հարավային Կովկասի նախագծերի տարածաշրջանային ղեկավար Ալեքսանդր Գոգոբերիձեն և Արևմտյան Բալկանների տարածաշրջանային ղեկավար Լեա Շլակուն հանդիպումներ ունեցան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր պրն. Վարդան Ուռուտյանի, Զբաղվածության պետական ​​գործակալության ղեկավար պրն. Արտակ Սիմոնյանի և «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ պրն. Յաշա Սոլոմոնյանի և այլոց հետ: Հանդիպումների ընթացքում նրանք խոսեցին զբոսաշրջության և գյուղատնտեսության հնարավորությունների ու մարտահրավերների մասին և քննարկեցին «Հմտությունների և գիտելիքի զարգացում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվող նախաձեռնությունները:

Helvetas շվեյցարական փոխգործակցության ներկայացուցիչները նշեցին, որ հանդիպումները բովանդակալից և արդյունավետ էին և իրենց երախտագիտությունը հայտնեցին հայկական հյուրընկալության համար:

Uncategorized

ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի անասնաբույժների համար կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց

2021 թվականի փետրվարի 13-15-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի շրջանակներում ՀՀ  Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի անասնաբույժների համար կազմակերպվել էր վերապատրաստման դասընթաց հետևյալ թեմաներով՝ «Մեկ առողջություն» մոտեցում, մարդկանց և կենդանիների հիվանդությունների հսկողության հիմնական մեթոդաբանական նկատառումները, զոոնոզ հիվանդություններ, դրանց հանրային առողջապահական նշանակությունը, պայքարի և կանխարգելման միջոցառումները, COVID-19 համավարակ, ՀՀ-ում զոոնոզ հիվանդությունների համաճարակաբանական հսկողությունը կանոնակարգող իրավական դաշտը: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց զոոնոզ հիվանդությունների հետևանքներն ու մեկ առողջություն  գաղափարի կարևորությունը:

Անցկացվեց «Գործողությունների և հմտությունների վրա հիմնված ուսուցման խթանում» թեմայով երկրորդ դասընթացը

2021 թ. փետրվարի 9 – 11-ը «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Գործողությունների և հմտությունների վրա հիմնված ուսուցման խթանում» թեմայով երկրորդ՝ հաջորդող դասընթացը:

Նշված ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը` Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Դասընթացին մասնակցեցին Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի 14 դասախոսներ:

Դասընթացի հիմնական նպատակներն էին աջակցել դասախոսներին դասավանդման գործընթացում  կիրառել տարբեր ուսուցման ձևեր, զարգացնել նոր գաղափարներ դասավանդումն առավել արդյունավետ կազմակերպելու և ուսանողների մոտ անհրաժեշտ կարողություններ զարգացնելու համար, մշակել հստակ կառուցված և պատկերավոր PowerPoint ներկայացումներ՝ ուսանողների համար համապատասխան առաջադրանքների սահմանմամբ, դասավանդման ընթացքում կիրառել «Խնդրի վրա հիմնված ուսումնառության» հաջորդական քայլերը և առավել արդյունավետ դարձնել ուսանողների գնահատման գործընթացը: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեց մասնակցության հավաստագիր: