HomePageARM, NEWSARM

Հուշագրերի ստորագրմամբ պաշտոնապես մեկնարկեց «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրը

2021թ․ մարտի 5-6-ին տեղի ունեցավ ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված հանդիպում-քննարկումը։

Հանդիպմանը ներկա էին ծրագրի՝ կարիքների գնահատման փուլում հատկորոշված գործընկերները՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի, «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիայի ներկայացուցիչները։

SIDA-ի գործընկեր  HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի առանցքային նպատակն է (ինքնա)զբաղվածության կենսունակ հնարավորություններ ստեղծել կանանց և երիտասարդների համար մասնավորապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում՝ հզորացնելով հմտություններ և գիտելիք մատուցող կառույցների կարողությունները, ինչպես նաև շահառուներին առաջարկելով ժամանակակից աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ոչ ֆորմալ դասընթացներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու խնդիրները, գործընկերների հետ համագործակցության համատեքստում COVID_19-ով և Հայաստանում հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված մարտահրավերներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները։ Քննարկման ընթացքում կարևորվեց 2020թ․Արցախյան երկրորդ պատերազմում տուժածների և նրանց ընտանիքների կարողունակության բարձրացման և ժամանակակից աշխատաշուկային նրանց ինտեգրմանն աջակցությունը։

Ծրագրի մեկնարկը նշանավորվեց գործընկերների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվ գործակցության՝ ի շահ ծրագրի սահուն իրականացման և դրական արդյունքների։