Իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան»

Մարտի 24-ին, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռվա և Շիրակի մարզերի թիրախային խոշորացված համայնքներում մեկնարկեց արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը, ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով:

Իրազեկման արշավն իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի աջակցությամբ, որն իրականցվում է Ռազմավարական Զարգացման Գործակալություն ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալություն, ինչպես նաև Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալություն «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» ֆինանսավորմամբ:

Արշավի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել բնական ռեսուրսների, մասնավորապես՝ արոտի ողջամիտ ու անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ: Արդյունքում համայնքում կխթանվի արոտի կայուն կառավարման սկզբունքների կիրառումը և արոտօգտագործման արդյունավետ կազմակերպումը, կնվազի տարերային անասնապահության բացասական ազդեցությունն արոտային էկոհամակարգերի վրա և անասնապահության արտադրողականության ավելացմամբ՝ կխթանվի տնային տնտեսությունների եկամուտների աճը:

Արշավի ընթացքում նախատեսվում են նաև հատուկ միջոցառումներ երեխաների համար՝ բարձրացնելու նրանց հետաքրքրվածությունն ու գիտելիքների մակարդակն արոտների պահպանման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև սերմանելու պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ:

Արշավը կշարունակվի մինչև հունիս և կիրականացվի հիմնականում առցանց՝ կայքերի, սոցիալական հարթակների և ԶԼՄ-ների միջոցով:

Uncategorized

«Ֆասիլիտացիա» ու «Գործարար հաղորդակցություն և էթիկա» թեմաներով վերապատրաստման դասընթաց

2021 թվականի մարտի 22-24-ը և 25-26-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջաակներում Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների համար կազմակերպվեց երկու վերապատրաստման դասընթաց՝ «Ֆասիլիտացիա» ու «Գործարար հաղորդակցություն և էթիկա» թեմաներով:

Նշված ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն` Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

«Ֆասիլիտացիա» թեմայով դասընթացին մասնակցեցին 13 դասախոս: Դասընթացը նպատակ ուներ զարգացնել մասնակիցների ֆասիլիտացիոն հմտությունները և գիտելիքները՝ «ֆասիլիտացիա» հասկացության, ֆասիլիտատորի դերի, ֆասիլիտացիայի գործընթացի կառավարման գործիքների և մոտեցումների վերաբերյալ:

«Գործարար հաղորդակցություն և էթիկա» թեմայով դասընթացը միտված էր նպաստել դասախոսների և ուսանողների շրջանում գործարար հակորդակցության հմտությունների բարելավմանը և արդյունավետ գործարար զրույց ու նամակագրություն վարելուն: Դասընթացին մասնակցեցին վերոնշված ուսումնական հաստատությունների 15 ուսանող և դասախոս:

«Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում»

«Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2021թ. հունվարի 1-ին։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակներում կփորձարկվեն մշակված թվային տեղեկատվական քարտեզները ՀՀ Շիրակի և Լոռու մարզերից ընտրված Ամասիա և Գյուլագարակ համայնքներում արոտների կայուն կառավարման պրակտիկան բարելավելու և կառավարման հնարավորություններն ու կարողությունները զարգացնելու համար:

Պիլոտային ծրագիրը նպատակ ունի մշակել թվային տեղեկատվական քարտեզների կիրառման ինստիտուցիոնալ մոդել, որը բխում է համայնքների պահանջներից և կարիքներից:  Ինչն էլ հիմք կդառնա ՀՀ Էկոնոմիկայի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին հասանելի դարձած քարտեզների կիրառումը Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում իրականացնելու համար:

Հանդիպում ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքների ղեկավարների և առաջատար մասնագետների հետ

Սույն թվականի մարտի 25-26-ին, «Արոտների և խոտհարքների կայուն կառավարման նպատակով արոտների և խոտհարքների քարտեզների կիրառումը Շիրակի և Լոռու մարզերում» պիլոտային ծրագրի  շրջանակներում տեղի ունեցավ համայնքային հանդիպում ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքների ղեկավարների և առաջատար մասնագետների հետ: Հանդիպման նպատակն էր թվային քարտեզների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ թիրախային և ոչ թիրախային համայնքների ակնկալիքների, ինչպես նաև պահանջների բացահայտումը։

Պիլոտային ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ  ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Պիլոտային ծրագիրը նպատակ ունի մշակել թվային տեղեկատվական քարտեզների կիրառման ինստիտուցիոնալ մոդել, որը բխում է համայնքների պահանջներից և կարիքներից: Ինչն էլ հիմք կդառնա ՀՀ Էկոնոմիկայի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին հասանելի դարձած քարտեզների կիրառումը Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում իրականացնելու համար:

Պիլոտային ծրագրի ներկայացման մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ 2021թվ. փետրվարի 11-ին, որի ընթացքում կատարվեց Գյուլագարակ համայնքի մասնագետների կողմից թվային քարտեզներն օգտագործելու կարողությունների և տեխնիկական հնարավորությունների գնահատում:

 

Uncategorized

Սպառողի իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ կազմակերպվեց իրազեկման արշավ

Ինչպես և նախորդ չորս տարիներին, այս տարի ևս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ակտիվ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, մարտի 15-ին նախորդող շաբաթվա ընթացքում անցկացրեց իրազեկման մի շարք միջոցառումներ: «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությունն իրականացվում է Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում:

Իրազեկման միջոցառումների շրջանակում՝ Երևանի դպրոցներից մեկում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում աշակերտներին և ուսանողներին ներկայացվեցին սպառողի իրավունքներն ու պարտականությունները, խոսվեց, թե որքան կարևոր է կրթված և իրազեկ լինելը՝ սեփական իրավունքները պաշտպանելու, լսելի լինելու և չմոլորեցվելու տեսանկյունից:

Բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է մեր երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Տեղեկացված սպառողը, ով սննդամթերքի ընտրությունն իրականացնում է գրագետ՝ հաշվի առնելով դրա անվտանգությունն ու որակը, մեծագույն ներդրում է կատարում սննդամթերքի անվտանգության համակարգի կայացման գործում: