Uncategorized

ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի ամենամյա հանդիպում

Ս․թ․ դեկտեմբերի 5-6-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից կազմակերպվեց մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների  երկխոսության/քննարկումների հարթակի տարեկան հանդիպումը:

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Հայաստանի կառավարության, Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER) և Իզմիրլյան հիմնադրամի/Վանանդ Ագրո ՓԲԸ-ի կողմից:

Երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման խթանմանն ուղղված գործողությունները։

Համաժողովին մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի (SDC), ՄԱԶԾ և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ՝ պարոն Մկրտիչ Այվազյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու` պարոն Վերներ Թութը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ տիկին Արմենուհի Պողոսյանը:

Պարոն Այվազյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ներկա գտնվելու համար և նշեց հարթակի հանդիպումների կարևորությունը:

Պարոն Թութն իր խոսքում ընդգծեց, որ ընդհանուր առմամբ մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի բարեհաջող բարեփոխման համար առանցքային է պետական կառույցների, տնտեսության ոլորտում ակտիվ ոչ պետական դերակատարների և հազարավոր փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ ներկայացնող մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը։

«Եթե շահագրգիռ կողմերը չկարողանան կառուցել և մշտապես պահպանել այդ համագործակցությունը, ապա ամբողջ բարեփոխումը, ամենայն հավանականությամբ, կմնա անավարտ գործընթաց»-ասաց պարոն Թութը:

Նա նաև անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար աջակցման ծրագրերի անհրաժեշտությանը և նշեց, որ հոկտեմբերին նախաձեռնել են հետազոտություն՝ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել տեղահանված բնակչությանը:

«Մենք ցանկանում ենք աջակցել պետությանը՝ այդ մարդկանց համար Հայաստանում արժանապատիվ ապագա ստեղծելու գործում»,- նշեց պարոն Վերներ Թութը:

Պարոն Թութին հաջորդեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ տիկին Արմենուհի Պողոսյանը, ով ներկայացրեց ՄԿՈւ ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումները:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կատարվող ՄԿՈւ ոլորտի խրախուսման և տեսանելիության բարձրացմանն ուղղված գործիքներն ու «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (MAVETA) ծրագրի հաղորդակցման ռազմավարությունը։

Հանդիպումը հնարավորություն ընձեռեց՝ քննարկելու ՄԿՈւ ոլորտի առաջխաղացման համար անհրաժեշտ գործողությունները, մշակել առաջխաղացման ընդհանուր մոտեցում և գործողությունների պլան՝ սահմանելով յուրաքանչյուր շահագրգիռ կողմի հնարավոր ներդրումը:

«Հետազոտական կարողությունների զարգացում և մանկավարժական ինտերակտիվ և նորարական մեթոդներ» թեմայով դասընթաց

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկեր քոլեջների կարիերայի պատասխանատուների համար «Հետազոտական (քանակական/որակական) բազային կարողությունների զարգացում և մանկավարժական ինտերակտիվ և նորարական մեթոդներ» թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն էր բարելավել ՄԿՈՒ կարիերայի պատասխանատուների մասնագիտական կարողությունները:

Դասընթացին մասնակցեցին ՀՀ Լոռու, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերի և Երևանի գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի պատասխանատուները: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդներին, մշտադիտարկման և գնահատման գործիքակազմերին և ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնառության ձևերի կիրառմանը դասընթացների մշակման գործընթացում։

Uncategorized

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասախոսների և ուսանողների փորձի փոխանակման այց ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղ և Սիս-Ալպ ընկերություն

Սույն թվականի նոյեմբերի 29-30-ին “Ռազմավարական զարգացման գործակալություն” ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծրագրի գործընկեր քոլեջների դասախոսների և ուսանողների փորձի փոխանակման այց ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղ և Սիս-Ալպ կաթնարդյունաբերական ձեռնարկություն:

Այցի առաջին մասը կազմված էր տեսական և գործնական դասընթացներից, որտեղ մասնակիցները ինտերակտիվ եղանակով ծանոթացան լավորակ կաթի ստացման գործընթացին և ՀԱԱՀ լաբորատորիայում պատրաստեցին սուլուգունի պանիր, ծանոթացան պանրի պատրաստման տեխնոլոգիային, կատարեցին փորձերի ցուցադրումներ, և համտեսեցին պատրաստված պանիրը:

Քոլեջի կողմից ներկայացվեց նաև տարբեր ոլորտներում պրակտիկայի կազմակերպման հաջողված փորձը։

Սիս-Ալպ կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն այցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց կաթի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի  ստացման տեխնոլոգիական գործընթացները և պանրի ու այլ տեսակի կաթնամթերքի արտադրության առանձնահատկությունները:

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսության կենտրոնում մասնակիցները ծանոթացան ջերմատնային տնտեսության, այգեգործության, անասնապահության, կերարտադրության ենթակառուցվածքներին, որտեղ ներդրված են ինտենսիվ, արդի և նորարար մոտեցումներով ու տեխնոլոգիաներով գյուղատնտեսության վարման մեթոդներ: Ներկայացվեց կենտրոնի կարևորությունը գործնական դասընթացների իրականացման համար:

Մասնակիցները կարևորեցին նմանատիպ փորձի փոխանակման այցերի նշանակությունը` գիտելիքի կատարելագործման տեսանկյունից:

Uncategorized

Տեղի ունեցավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի երկրորդ նիստը

Նոյեմբերի 27-ին, WWF-Հայաստանի կողմից կազմակերպվեց ազգային խորհրդատվական խմբի երկրորդ նիստը՝ նվիրված «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի արդյունքների ներկայացմանը։

Միջոցառման նպատակն էր ամփոփել հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքներն ու ներկայացնել նախատեսվող գործողությունները։

Հանդիպմանը ներկա էին դոնոր և գործընկեր կազմակերպությունների, միջազգային գործակալությունների ու հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց WWF-Հայաստանի տնօրեն պրն․ Կարեն Մանվելյանը, ում հաջորդեցին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ պրն. Վերներ Թութ-Շիմոն և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ պրն․ Արման Մեյմարյանը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Ալլա Ղազարյանը և WWF-Հայաստանից Նաիրե Երիցյանը ներկայացրեցին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի առաջընթացը՝ տնտեսական և բնապահպանական բաղադրիչների ներքո։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է WWF-Հայասատանի կողմից՝ ՌԶԳ ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

Առցանց հանդիպում-քննարկում՝ «Ագրոնեկտ» թվային հարթակը ԱլԳ երկրներում պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու համար

2023 թվականի նոյեմբերի 28-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «RECONOMY» տարածաշրջանային ծրագրի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» նախագծի շրջանակներում կազմակերպվել է առցանց հանդիպում-քննարկում «Ագրոնեկտ» ընկերության (Վրաստան) և Հայաստանի և Մոլդովայի առաջատար գյուղատնտեսական ընկերությունների և մասնագիտական ասոցիացիաների միջև:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Ագրոնեկտ» թվային հարթակը ԱլԳ երկրներում պոտենցիալ շահագրգիռ գործընկերներին, բացահայտել հետաքրքրություններն ու հետագա համագործակցության համար հնարավոր քայլերը։

«Ագրոնեկտ» -ը գյուղատնտեսական փորձագիտական թվային հարթակ է, որտեղ ֆերները կարող են խորհրդատվություն ստանալ աշխարհի լավագույն գյուղատնտեսների կողմից: Մի կողմից հարթակը ֆերմերների համար հասանելի է դարձնում գյուղատնտեսության ոլորտի բարձրակարգ մասնագետների խորհրդատվական ծառայությունները, իսկ մյուս կողմից՝ թույլ է տալիս փորձագետներին լրացուցիչ եկամուտ ստանալ՝ կիրառելով իրենց գիտելիքները: Իր մեկնարկից ի վեր «Ագրոնեկտ»-ն արդեն իսկ ներգրավել է իր հարթակում 10 տարբեր երկրների ֆերմերների և փորձագետ-խորհրդատուների և նախատեսում է հետագա ընդլայնում:

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: