Uncategorized

«Մասնագիտական խթանման օր» Գորիսում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Մասնագիտական խթանման օր» միջոցառումների շարքը Սյունիքի մարզում է։

Մայիսի 11-ին Գորիս համայնքի մի խումբ բնակավայրերի ութսունից ավելի աշակերտներ Խոտ գյուղում ծանոթացան Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում ուսուցանվող գյուղատնտեսական մասնագիտություններին։

Ողջունելով մասնակիցներին՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց քոլեջում դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող մասնագիտությունները, որոնց թվում են կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, կաթնաֆերմայի կառավարումը, ֆերմերային տնտեսության կառավարումը, անասնաբուժությունը, գյուղատնտեսության մեքենայացումը։ Իր խոսքում Լիլիթ Բեգլարյանը ընդգծեց  գյուղոլորտում ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ներդրման հաջողված փորձն ու աշխատաշուկայում գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների պահանջարկը  և կարիերայի հեռանկարները։

Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Աննա Տոռոզյանն իր ելույթում կարևորեց գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների դերը համայնքների և Սյունիքի մարզի զարգացման համար, հավաստիացրեց աշակերտներին, որ քոլեջի դասավանդողների պրոֆեսիոնալիզմն ու մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը բավարար հիմք են որակյալ ուսում ստանալու և երաշխավորված աշխատանք գտնելու տեսանկյունից։

Այնուհետև դպրոցականները ներկա գտնվեցին քոլեջի դասավանդող Լիլիթ Ավետիսյանի և ուսանողների կողմից կաթի լաբորատոր փորձաքննության իրականացման ու սուլուգունի տեսակի պանրի արտադրման ցուցադրությանը, այցելեցին «Դը Ռանչ» ՍՊԸ տարածքում գտնվող կենդանիներին, հետևեցին անանսնաբույժ Արմո Գաբրիելյանի կողմից մաստիտի բացահայտման ցուցադրական փորձին, ինչպես նաև հարցուպատասխան ունեցան քոլեջի դասավանդողների և գործատուների հետ։

Միջոցառումն ավարտվեց դուալ կրթական մոտեցման մասին անիմացիոն ֆիլմի դիտմամբ և հյուրասիրությամբ։

Uncategorized

Մասնագիտական խթանման օր Ստեփանավանում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին «Մասնագիտությունների խթանման օր» կազմակերպեց Ստեփանավան քաղաքում։

Լոռու մարզի դպրոցների յոթ տասնյակ աշակերտներին  Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը, քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց քոլեջում դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող մասնագիտությունները, այս համակարգի առավելությունները, աշխատաշուկայում գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների պահանջարկն ու կարիերայի հեռանկարները։

Աշակերտները դիտեցին գյուղատնտեսական քոլեջի ուսանողների ցուցադրական լաբորատոր փորձը վարակիչ հիվանդությունների ախտորոշման վերաբերյալ և հետևեցին կաթնաշոռի պատրաստման ընթացքին։

Այնուհետև դպրոցականները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսանողական առօրյային և հանդիպեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ու քոլեջի գործընկեր մասնավոր ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, լսեցին նրանց պատմությունները գյուղատնտեսության ոլորտում հաջողած փորձի մասին։

Օրվա երկրորդ կեսին աշակերտների մի խումբն այցելեց «Լոռվա կաթ» կաթի արտադրամաս, ներկա գտնվեց չեչիլ տեսակի պանրի արտադրման ընթացքին, իսկ մյուս խումբը՝ Մերուժան Ղարիբյանի «խելացի» անասնաֆերմա, ծանոթացավ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ անասնագոմերի և կաթնարանների կառուցմանը, որոնք աշխատում են ավտոմատացված ռեժիմով՝ մարդկային աշխատուժի նվազագույն կիրառմամբ։

Uncategorized

ԼԻԼԱ ծրագրի գործընկեր տուրօպերատորները մասնակցել են ATMDubai2024 միջազգային ցուցահանդեսին

Ս․թ․ մայիսի 6-9-ը «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի գործընկեր, 3 տուրօպերատորներ` Էյ Էմ Թրավելը, ԱրմԼենդ Արշավային Ակումբը,  Ռուբեն Տուրս ՍՊԸ տաղավարով ներկայացրեցին Հայաստանի զբոսաշրջային ներուժը և նրանց կողմից տրամադրված բնության վրա հիմնված փորձառությունները #ATMDubai2024 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:

Ցուցահանդեսին տուրօպերատորների մասնակցությունը կազմակերպվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի աջակցությամբ։

#ATMDubai2024 ցուցահանդեսին մասնակցության շնորհիվ այս տուրօպերատորները հնարավորություն ունեցան շփվելու այցելուների, ոլորտի մասնագետների և պոտենցիալ գործընկերների հետ:

Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ուներ ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու երկրի կայուն զարգացմանը:

Մասնագիտական խթանման օր Էջմիածնում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն մայիսի 3-ին «Մասնագիտությունների խթանման օր» կազմակերպեց Էջմիածին քաղաքում։

Արմավիրի մարզի դպրոցների մի քանի տասնյակ աշակերտներին  Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ուսումնարանի տնօրեն Մանուկ Նազարյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։

Իր խոսքում Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծեց, որ հաշվի առնելով մարզում ընկուզեղենի և մրգատու այգիներում աշխատող մասնագետների պահանջարկը՝  ուսումնարանում 2024-2025 ուստարվանից կներդրվի «Այգեգործություն» մասնագիտությունը, որը կուսուցանվի դուալ կրթական մոտեցմամբ։

Այնուհետև աշակերտները շրջեցին ուսումնարանի բակում ներկայացված տաղավարներով, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, ինտերակտիվ շփումներ ունեցան ուսանողների, դասավանդողների և մասնավոր ընկերությունների  ներկայացուցիչների հետ։

Այգեգործության ոլորտում իրենց փորձն ու հաջողության պատմությունները, ինչպես նաև գյուղոլորտում ինքնադրսևորվելու ու բարձր եկամուտ ունենալու մասին դպրոցականների հետ զրուցեցին «Վոլնաթ ֆարմս» այգու կառավարիչ Սերոբ Մնացականյանը և գյուղատնտես  Կարեն Մինասյանը։

Օրվա երկրորդ կեսին մի խումբ աշակերտներ այցելեցին Վանանդ գյուղի տարածքում գտնող «Վանանդ ագրո» ընկերության նշի այգի։ Այգու կառավարիչ Հայկ Ստեփանյանը շրջայցի ընթացքում դպրոցականներին ներկայացրեց նշի մշակման առանձնահատկությունները, օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկան, նշեց գրագետ այգեգործ մասնագետների կարևորությունը և քաջալերեց աշակերտներին զբաղվելու գյուղատնտեսությամբ։

Uncategorized

Անասնաբույժի օրվան նվիրված «Անասնաբուժությունը` հանուն առողջ հասարակության» խորագրով համաժողով

Ս. թ․ ապրիլի 26-ին Շիրակի մարզում և ապրիլի 23-ին Սյունիքի մարզում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՀՀ ՍԱՏՄ համատեղ ջանքերով կազմակերպվեցին անասնաբույժի օրվանը նվիրված՝ «Անասնաբուժությունը՝ հանուն առողջ հասարակության» խորագրով համաժողովներ։

Միջոցառումների կազմակերպումը նպատակ ուներ խրախուսել անասնաբույժներին և կարևորել իրենց կատարած աշխատանքը գյուղատնտեսության զարգացման համար։

Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում  պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը:

Այս տարի միջոցառումը կազմակերպվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ։

Շիրակում միջոցառման մասնակիցներին ողջունել և անասնաբույժի միջազգային օրվա առթիվ շնորհավորել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Պետք է փաստեմ, որ անասնաբուժությունն ամենակարևոր օղակներից մեկն է, կենդանու առողջ լինելը ուղիղ համամատական է մարդու առողջության հետ։ Անհերքելի է, որ Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը։ Ուստի բանիմաց մասնագետի դերը, կենդանիներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում, անգնահատելի է»։

Պարոն Մուրադյանին ողջույնի խոսքով հաջորդեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։ Լիլիթ Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց երիտասարդ անասնաբույժների դերը գյուղատնտեսության զարգացման գործում և ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագրով ներդրված դուալ ուսուցման ձևի առավելություններն ու  առանձնահատկությունները։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի անասնաբույժ Արեգ Սարուխանյանն ու ՀՀ ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը ներկայացրեցին անասնաբույժ մասնագիտության կարևորությունը, ոլորտային խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Արեգ Սարուխանյանը հակիրճ անդրադարձ կատարեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող՝ ոլորտի բարելավմանն ուղղված գործողություները։

Միջոցառումն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ և անասնաբույժների մասնակցությամբ նկարահանված ֆիլմի դիտմամբ։