Uncategorized

Համագործակցության խթանում՝ «ՄԱՎԵՏԱ» ծրագրի գործընկեր գործատուների և քոլեջների միջև

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 6-7-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ գործատուների և ուսումնական հաստատությունների հանդիպումը, որի նպատակը համագործակցության հիմնումն ու ամրապնդումն էր։

Երկօրյա աշխատաժողովին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ավելի քան քառասուն գործընկերներ։

Ողջույնի իր խոսքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը ընդգծեց կազմակերպության բազմամյա հաջողված փորձը մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ոլորտում և համոզմունք հայտնեց, որ ծրագրի նոր գործընկերների հետ ևս գործատու-ուսումնական հաստատություն ձևաչափով փոխշահավետ հարաբերություններ կհաստատվեն։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց նաև HEKS/EPER կազմակերպության ներկայացուցիչ, ՄԿՈւ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյը՝ նշելով, որ ապագա աշկերտներին վերապատրաստման ծրագրում ներդնում են շվեյցարական փորձը, որը լավագույն  մոդելն է պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի մեկնարկից՝ 2022 թվականից մինչև այսօր իրականացված հիմնական և առաջիկա գործողությունների համառոտ պլանը, համագործակցության հիմնական նախապայմանները, քոլեջների ու մասնավոր հատվածի դերը, նրանց պատասխանատվությունների շրջանակները դուալ կրթական մոտեցմամբ մասնագիտությունների ներդրման գործընթացում։

Այնուհետև գործատուները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ծրագրի բիզնես խորհրդատու Նարինե Աբրահամյանի համակարգմամբ աշխատանքային քննարկում ունեցան և փոխանակվեցին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվությամբ։

Ներկաներին 2023-2024 ուս․ տարում դուալ կրթական մոտեցմամբ ներդրված մասնագիտությունների, գործընկերների հետ համագործակցության հաստատման փորձի փոխանակման, ձեռքբերումների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկություններ հաղորդեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը։

Երկրորդ օրը քննարկումները շարունակվեցին խմբային աշխատանքի ձևաչափով՝ վերհանելով մասնավոր հատվածի ու քոլեջների կարողությունների զարգացման ու բարելավման  կարիքները։

Աշխատաժողովի ավարտին ծրագրի բիզնես խորհդատու Նարինե Աբրահամյանը և ՄԿՈՒ խորհդատու Լիլիթ Բեգլարյանը ամփոփեցին մասնավոր հատվածի և քոլեջների ներկայացուցիչների համատեղ գործողությունների պլանը՝ համաձայն 2024-2025 ուս․ տարում ներդրվող մասնագիտությունների։

 

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրերը ներկայացվեցին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մայիսի 23-ին մասնակցեց 2024 թվականի Եվրոպայի օրվան նվիրված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Իմփաքթ Հաբ Սյունիք»-ում կազմակերպված տոնավաճառին։

Միջոցառումը մեկնարկեց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ելույթներով՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության առաջընթացի և դեռ մարզում առկա սոցիալ-տնտեսական զարգացման կարիքների մասին։

Տոնավաճառի ընթացքում ներկայացվել են 125 մլն եվրո ընդհանուր բյուջեով 37 ծրագիր, որոնք ներկայումս իրականացվում են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության հովանու ներքո։ Տոնավաճառին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող 4 ծրագիր։

Միջոցառումը, որին ներկայացված էին Սյունիքում իրականացվող ծրագրերն ու արտադրվող ապրանքները բաց էր հանրության համար։ Օրն ավարտվեց համերգային ծրագրով։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միացել է նաև Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան։

Uncategorized

«Խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման բարելավում» թեմայով դասընթաց

Խոշոր եղջերավոր կենդանիներին անհրաժեշտ սննդանյութերի պահանջի, կերերի կերակրման նորմա սահմանելու, կերային արդյունավետ ռացիոն կազմելու, կերակրման ճիշտ տեխնիկայի ու կազմակերպման և այլ հարցերի ուսումնասիրման և հոլանդական փորձի փոխանցման նպատակով մայիսի 6-17-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հրավիրել էր Արիե Կեյզերին՝ PUM (Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպություն) ծրագրի փորձագետին։

Լոռու և Սյունիքի մարզերում կազմակերպված «Խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման բարելավում» դասընթացների ընթացքում փորձագետը ոչ միայն կիսվեց իր փորձով, անդրադարձավ մասնակիցների կողմից հնչեցված բոլոր հարցերին, այլև անհատական խորհրդատվություն տրամադրեց Ծրագրի գործընկեր ֆերմերային տնտեսություններին՝ անհատական այցերի ընթացքում։

Uncategorized

«Մասնագիտությունների խթանման օր»՝ Բերդում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն մայիսի 17-ին «Մասնագիտությունների խթանման օր» կազմակերպեց Բերդ համայնքի դպրոցականների համար։

Շուրջ երկու հարյուր աշակերտների համար իր դռները բացեց Բերդի բազմագործառութային պետական քոլեջը։ Ներկաներին ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը, միջոցառման այլ մասնակիցներ։

Իր խոսքում Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ Բերդի բազմագործառութային պետական քոլեջի հետ համագործակցությունն օրինակելի է և հաջողված։ Ծրագրի գործընկեր ուսումնական հաստատությունում՝ քոլեջում, դուալ կրթական մոտեցմամբ արդեն հասանելի են երեք մասնագիտություն․ գյուղատնտեսական մեքենայացումը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան և անասնաբուժությունը։

Քոլեջի տնօրեն Աննա Ավալյանն իր ելույթում ընդգծեց, որ ուսումնական հաստատությունում բարձրորակ մասնագետների պատրաստման և ուսանողների կյանքը բարելավելուն ուղղված ջանքերը հետայսու ևս կշարունակվեն, ինչը դիմորդների համար բացառիկ հնարավորություն է հենց մարզում որակյալ կրթություն ստանալու համար։

Աշակերտները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, մասնակցեցին ուսանողների պրակտիկ դասերին, ինտերակտիվ շփումներ ունեցան ուսանողների ու դասավանդողների հետ, դիտեցին անիմացիոն ֆիլմ՝ դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող գյուղատնտեսական մասնագիտությունների մասին։

Միջոցառման ավարտին քոլեջի կարիերայի պատասխանատուն և ուսանողները դպրոցականների համար պատրաստել էին անակնկալ՝ խաղի  ու նվերներների տեսքով։

Uncategorized

«Մասնագիտական խթանման օր» Սիսիանում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում մայիսի 13-ին «Մասնագիտական խթանման օր» կազմակերպեց Սիսիանում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի «խելացի» գյուղատնտեսական կենտրոնում աշակերտներին ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը,  ՄԿՈՒ վարիչ Մերի Յոլյանը, «ՍիսԱլպ» կաթամթերքի արտադրամասի տնօրեն Հուսիկ Ստեփանյանը։

Իր ելույթում Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց դուալ ուսուցման հնարավորությունները, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում այդ ուսուցմամբ ներդրվող մասնագիտությունները, այդ թվում՝ 2024-2025 ուստարվանից նոր՝ «Այգեգործություն» մասնագիտությունը, կարևորեց գյուղատնտեսության արդիականացման միտումներն և աշխատաշուկայում գյուղոլորտի մասնագետների աճող պահանջարկը։

Աշակերտները շրջայց կատարեցին ջերմոցում, այգում, անասնագոմի և գյուղատնտեսական մեքենաների պարկում, ծանոթացան կենտրոնում ներդրված և մարդկային աշխատուժին փոխարինող  նորարական տեխնոլոգիաներին, մասնակցեցին կաթի լաբորատոր ցուցադրական փորձաքննությանը։

Սյունիքի մարզպետարանը, գնահատելով մարզում աշակերտների կարիերայի կոմնորոշման և իրազեկվածության կարևորությունը, ապահովեց համայնքների դպրոցների աշակերտների մասնակցությունը։