NEWSARM

Համագործակցության խթանում՝ «ՄԱՎԵՏԱ» ծրագրի գործընկեր գործատուների և քոլեջների միջև

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 6-7-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ գործատուների և ուսումնական հաստատությունների հանդիպումը, որի նպատակը համագործակցության հիմնումն ու ամրապնդումն էր։

Երկօրյա աշխատաժողովին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ավելի քան քառասուն գործընկերներ։

Ողջույնի իր խոսքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը ընդգծեց կազմակերպության բազմամյա հաջողված փորձը մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ոլորտում և համոզմունք հայտնեց, որ ծրագրի նոր գործընկերների հետ ևս գործատու-ուսումնական հաստատություն ձևաչափով փոխշահավետ հարաբերություններ կհաստատվեն։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց նաև HEKS/EPER կազմակերպության ներկայացուցիչ, ՄԿՈւ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյը՝ նշելով, որ ապագա աշկերտներին վերապատրաստման ծրագրում ներդնում են շվեյցարական փորձը, որը լավագույն  մոդելն է պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի մեկնարկից՝ 2022 թվականից մինչև այսօր իրականացված հիմնական և առաջիկա գործողությունների համառոտ պլանը, համագործակցության հիմնական նախապայմանները, քոլեջների ու մասնավոր հատվածի դերը, նրանց պատասխանատվությունների շրջանակները դուալ կրթական մոտեցմամբ մասնագիտությունների ներդրման գործընթացում։

Այնուհետև գործատուները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ծրագրի բիզնես խորհրդատու Նարինե Աբրահամյանի համակարգմամբ աշխատանքային քննարկում ունեցան և փոխանակվեցին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվությամբ։

Ներկաներին 2023-2024 ուս․ տարում դուալ կրթական մոտեցմամբ ներդրված մասնագիտությունների, գործընկերների հետ համագործակցության հաստատման փորձի փոխանակման, ձեռքբերումների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկություններ հաղորդեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը։

Երկրորդ օրը քննարկումները շարունակվեցին խմբային աշխատանքի ձևաչափով՝ վերհանելով մասնավոր հատվածի ու քոլեջների կարողությունների զարգացման ու բարելավման  կարիքները։

Աշխատաժողովի ավարտին ծրագրի բիզնես խորհդատու Նարինե Աբրահամյանը և ՄԿՈՒ խորհդատու Լիլիթ Բեգլարյանը ամփոփեցին մասնավոր հատվածի և քոլեջների ներկայացուցիչների համատեղ գործողությունների պլանը՝ համաձայն 2024-2025 ուս․ տարում ներդրվող մասնագիտությունների։