100 անասնապահ ֆերմերը «Անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումները» համաժողով

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մայիսի 2-4-ը ք. Ջերմուկում անցկացվեց «Անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումները» թեմայով համաժողով:

Համաժողովի նպատակն էր երիտասարդ ֆերմերներին ծանոթացնել անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումներին և խթանել դրանց կիրառումը ՀՀ գյուղական համայնքներում: Համաժողովին մասնակցեցին 100-ից ավել անասնապահ ֆերմեր Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Լոռվա մարզերից:

Համաժողովի ընթացքում, ֆերմերների փորձի փոխանակման նպատակով ՝ ներկայացվեցին և քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակման գործում նոր տեխնոլոգիաների ներդրումը, կորնգանի արտադրությունն ու սերմնաբուծությունը Կարմրաշեն բնակավայրի օրինակով, ինչպես նաև եգիպտացորենի սիլոսի փորձարարական արտադրությունը Սյունիքի մարզի Բռնակոթ բնակավայրում:

«Անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումները» թեմայով համաժողովին ներկա էին նաև գյուղատնտեսական սարքավորումներ և պարագաներ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք անդրադարձ կատարեցին շուկայում առկա գյուղատնտեսական սարքավորումների և անասնաբուժական դեղորայքի հասանելիությանը և դրանց օգտագործման առավելություններին: «Սպեցմաշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հակիրճ ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմների կիրառման արդյունավետությունը և շուկայում հասանելի գյուղատնտեսական սարքավորումների ցանկը:

 

Uncategorized

Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման» թեմայով չորրորդ աշխատաժողովը

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ[1]»-ի  չորրորդ աշխատաժողովը, որին մասնակցում էին նաև  ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարությունների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է հարթակի նոր գործընկեր կազմակերպությունը, քննարկվել են ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի մշակման, խնդիրների գույքագրման և վերլուծության ուղղությամբ կատարված աշխատանքները, հիմք է դրվել հայեցակարգի մշակման համար անհրաժեշտ աշխատանքային խմբի ձևավորմանը։ Անդրադարձ է կատարվել նաև մարզպետարանների և համայնքների ներկայացուցիչների կողմից հնչեցված արոտների երկզոնային կառավարմանը խոչընդոտող խնդիրներին, ինչպես նաև ներկայացվել են դրանց հաղթահարմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:

________________________________________

[1]Հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի և Համաշխարհային բանկի աջակցմամբ իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնություն:

 

Uncategorized

Հայաստանում առաջին անգամ նշվեց «Անասնաբույժի միջազգային օրը»

2019թվ. ապրիլի 25-26-ը, «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության և ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ջանքերով «Անասնաբույժի միջազգային օրվա» կապակցությամբ Երևանում կազմակերպվեցին գիտաժողով և համաժողով, ինչպես նաև սեմինարներ, դասախոսություններ և քննարկումներ Հայաստանի մարզերում:

Միջոցառումները կազմակերպվել են «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի աջակցությամբ, որն իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն՝ Ավստրիական Զարգացման Գործակալության և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ:

Ապրիլի 25-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում անցկացվեց «Գիտության և գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով, իսկ ապրիլի 26-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում  կազմակերպվեց գլխավոր միջազգային համաժողովը՝ «Անասնաբուժությունը հանուն առողջ հասարակության» խորագրի ներքո:

Համաժողովը նպատակ ուներ կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը՝ որպես առողջ հասարակության գրավական:

 

Uncategorized

Տեղի ունեցավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը

2019թ. ապրիլի 25-ին, ՀՀ Շիրակի մարզի մարզպետարանում տեղի ունեցավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի  կողմից, Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի  Զարգացման Գործակալության  և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության  Գործակա-լության ֆինանսավորմամբ:

Ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 100,000 ընդհանուր բնակչությամբ 100 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնա-յին տնտե¬սություններ, կաթի և մսի արժեշղթաների դերակատարներ և տեղական ինքնակառա¬վար-ման մարմիններ:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել իրականացված ծրագրային միջամտությունների ուղղությունները և քննարկել արդյունքները շահագրգիռ կողմերի հետ:

Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մարզպետարաններից, Ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձիք:

 

Uncategorized

«Կրտսեր անասնաբույժ» մասնագիտության ուսումնառության նյութերի ներկայացում/քննարկում

«ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում մարտի 28-29, 2019թ. Աղվերանի Կրիստալ Ռեզորթ հյուրանոցում տեղի ունեցավ «Կրտսեր անասնաբույժ» մասնագիտության ուսումնառության նյութերի ներկայացում/քննարկում: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) ներկայացուցիչները, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոսները, մասնավոր անասնաբուժությամբ զբաղվող մասնագետները, Անասնաբույժների ազգային ասոցիացիա հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության հատուկ մասնագիտական 9 մոդուլների համար մշակված նյութերը: Հանդիպման սկզբին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ` պրն. Արտակ Աղբալյանը և«ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար` Լիլիթ Հովհաննիսյանը: Այնուհետև ծրագրի փորձագետ Մերուժան Զադայանը ներկայացրեց Կրտսեր անասնաբույժ մասնագիտության կրթական չափորոշիչը և մոդուլային ծրագիրը, որոնց հիման վրա մշակվել են ուսումնառության նյութերը: Փորձագետի կողմից ներկայացվեց հիմնական մոտեցումը, որը օգտագործվել էր նյութերի մշակման ընթացքում: Յուրաքանչյուր մոդուլին վերաբերվող նյութ պարունակում է նկարագրողական մաս, ուսամնառության արդյունքները, գործնական վարժություններ և գիտելիքները ստուգելու համար թեսթեր: Յուրաքանչյուր նյութից հետո ներկայացված են նաև օգտագործված գրականության ցանկը և համապատասխան հղումները: Ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել նյութերը, տալ հարցեր և ներկայացնել դիտարկումներ և առաջարկներ: Հանդիպման 2-րդ օրը մասնակիցները շարունակեցին քննարկել մշակված նյութերը և ամփոփեցին առաջարկները:

Մասնագետների կողմից ներկայացված առաջարկները և նկատառումները հաշվի կառնվեն փորձագետի կողմից նյութերը վերջնականացնելու ընթացքում: Հանդիպման ավարտին մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը և նշեցին, որ մշակված նյութերը բավականին մատչելի են և դասախոսների և ուսանողների համար: