NEWSARM

Անցկացվեց «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության դասախոսների վերապատրաստման դասընթաց

2019թ. հունիսի 5-7-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության դասախոսների վերապատրաստման եռօրյա դասընթաց: Դասընթացը կազմակերպվել էր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից: Դասընթացին մասնակցեցին 10 դասախոս Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջից, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղից, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջից, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջից, Հայ-հունական պետական քոլեջից: Դասընթացի հիմնական նպատակն էր զինել դասախոսներին համապատասխան գիտելիքներով և պրակտիկ հմտություններով, որոնք նրանք կարող են օգտագործել ուսանողների հետ իրենց հետագա աշխատանքում:

Դասընթացի ընթացքում դասախոսները նախ իրականացրեցին մանրէաբանական հետազոտություններ, ծանոթացան չանախ և սուլուգունի պանիրների պատրաստման տեխնոլոգիային և փորձարկեցին լաբորատորիայում առկա նորագույն սարքավորումները, ինչպես նաև մասնագետի օգնությամբ ինքնուրույն պատրաստեցին չանախ և սուլուգունի պանիրներ: Պանիրների պատրաստման գործընթացը բավականին ոգեշնչող էր, քանի որ մասնակիցները առաջին անգամ կարողացան կիրառել իրենց ունեցած և արդեն իսկ նոր ստացած տեսական գիտելիքները պրակտիկայում՝ ստանալով իրենց իսկ ձեռքով պատրաստած արտադրանքը: Բոլոր գործնական աշխատանքները տեղի ունեցան Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում հիմնված Կաթի վերամշակման փորձարարական լաբորատորիայում:

Դասընթացի ընթացքում կազմակերպվեց նաև այց «Էլոլա» գործարան, որը ոլորտում տարածաշրջանի խոշոր գործարաններից մեկն է: Գործարանում կատարվեց շրջայց, որի ընթացքում դասախոսները ծանոթացան կաթի վերամշակման բոլոր գործընթացներին և սարքավորումների աշխատանքին:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *