NEWSARM

Մասնագիտական կողմնորոշման օր կազմակերպվեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում

2019թ.-ի մայիսի 11-ին Գորիսի գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր» ամենամյա միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել էր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Գորիսի գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ: Միջոցառումը տեղի էր ունենում արդեն երկրորդ անգամ հենց նույն օրը և հիմնական նպատակն էր ներկայացնել Գորիսի և Սիսիանի համայնքների դպրոցների աշակերտներին «անասնաբուժություն» և «կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունները և դրանց ուսումնառության համար քոլեջում առկա հնարավորությունները:

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 աշակերտներ Գորիսի և Սիսիանի համայնքների դպրոցներից: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն տկն. Նունե Ավետիսյանը, այնուհետև «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը համառոտ ներկայացրեց ծրագրի ու միջոցառման նպատակը և հորդորեց աշակերտներին ընտրել «անասնաբուժություն» և «կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունները հետագա ուսումնառության համար:

Միջոցառման երկրորդ մասում մասնակիցները հնարավորություն ունեցան տարբեր խմբերով այցելել բաց դասախոսություններ/քննարկումներ երկու մասնագիտությունների վերաբերյալ, որոնց ժամանակ ոլորտի մասնագետները և գործատուները խոսեցին մասնագիտությունների առավելությունների և աշխատանքային հնարավորությունների մասին:

Քննարկումներին զուգահեռ «Կաթի վերամշակման» լաբորատորիայում աշակերտները ծանոթացան տարբեր սարքավորումներին և ականատես եղան պանրի պատրաստման գործընթացին: «Անասնաբուժության» լաբորատորիայում աշակերտներին ներկայացվեցին լաբորատորիայում առկա տարբեր գործիքները և մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու կարճ տեսաֆիլմ, որում նկարահանված էին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների գործնական պարապմունքները Սյունիքի անասնաշուկայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *