Uncategorized

՛՛Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա՛՛ մասնագիտության փորձարարական լաբորատորայի պաշտոնական բացումը

2018թ. սեպտեմբերի 26-ին, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի բացման միջոցառումը:

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիան հիմնվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL) կազմակերպությունների հետ համատեղ, HEKS/EPER-ի (Շվեյցարիայի եկեղեցու օգնություն) ֆինանսավորմամբ, 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՆ Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ պ-ն Ա.Աղբալյանը, փոխհամայնքապետ տ-ն Ի. Յոլյանը, «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար տ-ն Լ. Հովհաննիսյանը և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն տ-ն Ն. Ավետիսյանը: Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ և այլ հյուրեր:

Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան շրջայց կատարել լաբորատորիայում:

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի հիմնումը  մեծ ձեռքբերում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի համար: Ուսանողները կծանոթանան պանրի ու կաթնամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիաներին, հնարավորություն կունենան համատեղել տեսական և գործնական գիտելիքները և ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան հմտություններ:

Uncategorized

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն 2018

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի երկու գործընկեր՝ «ՍԻՍ-ԱԼՊ»  ՍՊԸ-ն և «Թադ-Մ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի երկու ակտիվ շահառուներ՝ «Արկադյա Խաչիկյան» ԱՁ–ն և «Թության»  ՍՊԸ-ն այս տարի իրենց լայն ապրանքատեսականին ներկայացրեցին հանրությանը՝ արդեն ավանդական դարձած «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին:

Փառատոնի անցկացումը ամենամյա բնույթ է կրում և կազմակերպվում է գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Այս տարի Փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին` Կիրովի անվան մանկական այգում: Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն արդեն երրորդ տարին է, ինչ հանդիսանում է այս փառատոնի կազմակերպման գործընկերը: Փառատոնի ընթացքում անցկացվեցին մրցույթներ ֆերմերների միջև տարբեր անվանակարգերում, ինչպես նաև հետաքրքիր միջոցառումներ ու խաղեր երեխաների համար: Փառատոնը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ավանդական երգ ու պարով:

Այս «համեղ» փառատոնի ընթացքում ցուցադրվել է մրգի, բանջարեղենի, կաթնամթերքի, մեղրի, չրերի լավագույն տեսականին և բոլոր ներկաները հնարավորություն են ունեցել ոչ միայն համտեսել, այլ նաև գնել դրանք: Այս փառատոնի ընթացքում Հայաստանի, Վրաստանի և Իրանի ֆերմերները ներկայացրեցին իրենց բարձրորակ արտադրանքը, որն աչքի էր ընկնում նաև իր յուրահատուկ համով և տեսքով:

 

Հիմնադիր ժողովի որոշմամբ հիմնադրվեց Անասնաբույժների Ազգային Ասոցացիա ՀԿ-ն

2018թ. օգոստոսի 3-ին տեղի ունեցավ «Անասնաբույժների ազգային ասոցացիա»  ՀԿ-ի  (այսուհետ՝ ԱԱԱ) հիմնադիր ժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր Ռազմավարական Զարգացման Գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի աջակցությամբ՝ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում և անցկացվում էր Սյունիքի Անասնաշուկայում: Ավելի քան 30 անասնաբույժներ, CARD հիմնադրամի աշխատակիցներ և ՌԶԳ թիմի անդամներ մասնակցեցին միջոցառմանը: Քվեարկության արդյունքում միաձայն որոշում կայացվեց հիմնադրելու ասոցացիա՝ հարակից պետական կառույցների հետ երկխոսության հաստատումն ապահովելու համար, որի արդյունքում հնարավոր կդառնա կենդանիների առողջության արդյունավետ ծառայությունների մատուցումը: Հանդիպման ընթացքում ԱԱԱ-ն ընդունեց իր կանոնադրությունը, ինչպես նաև ընտրեց խորհրդի կազմը՝ բաղկացած ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող 5 անձից: Փորձառու անասնաբույժ Տիգրան Գաբրիելյանը միաձայն քվեարկությամբ ընտրվեց ասոցացիայի նախագահ:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև կենդանիների առողջությանն առնչվող հարցեր և զարգացման հնարավոր հեռանկարներ: Հիմնախնդիրների շարքում հատկապես առանձնացվեց անասնաբույժների համար բժշկական ապահովագրության բացակայության խնդիրը, քանի որ վերջիններս մասնագիտության բերումով զգայուն են տարբեր վարակների ու հիվանդությունների հանդեպ: Խոսվեց նաև այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են անասնաբույժների հմտությունների ու որոկավորման բարձրացումը, ոլորտի երիտասարդ մասնագետների կրթումը, միջազգային փորձին ծանոթանալու ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը և այլն: Հիմնադիր ժողովն ավարտվեց որոշում կայացնելով կրկին հանդիպել և մշակել առավել ընդգրկուն և հանգամանալի օրակարգ:

 

Խթանելով համագործակցությունը սննդի անվտանգության ոլորտում

2018թ. օգոստոսի 4-ից 5-ը Ծաղկաձորում կայացած երկօրյա սեմինարը նվիրված էր սննդի անվտանգության ոլորտի հիմնախնդիրներին: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ ՍԱՊԾ)` «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (այսուհետ՝ ՌԶԳ) ՀԿ-ի կողմից և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ: Սեմինարի հիմնական նպատակն էր իրազեկել լրագրողներին ՍԱՊԾ կառուցվածքային փոփոխությունների մասին և քննարկել սննդի անվտանգությանն առնչվող առկա խնդիրները: Ավելի քան 30 մասնակիցների շարքում ներկա էին տեղական ԶԼՄ ներկայացուցիչներ, տարբեր ՀԿ-ների անդամներ և ՍԱՊԾ աշխատակիցներ:

Բանախոսները ներկայացրեցին թեմաներ, ինչպիսիք են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, HACCP (Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետեր) համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ռիսկերի կառավարումը, թափանցիկության՝ որպես անուղղակի վերահսկողության գործիքի կիրառումը և այլն: Միջոցառման ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան նաև հարցեր տալու և մասնագետների կողմից համընդգրկուն պատասխաններ ստանալու:

ՍԱՊԾ և ՌԶԳ ակտիվ համագործակցության հիմքը 2017թ.-ի սեպտեմբերին ստորագրված համագործակցության հուշագիրն է: Նման սեմինարների կազմակերպման հետ մեկտեղ մի շարք այլ քայլեր են ձեռնարկվել սննդի անվտանգության ոլորտում հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Հրատարակվել են սպառողի և տնտեսվարողի համար նախատեսված ուղեցույցներ և տեղեկատվական բուկլետներ, տեղեկատվական արշավ է կազմակերպվել թեժ գծի վերաբերյալ մարդկանց իրազեկելու համար և այլն:

 

Uncategorized

HAFL-ի մասնագետը ՄԿՈՒ ուսուցման սեմինար անցկացրեց հայ դասախոսների համար

Հունիսի 5-8-ը ընկած ժամանակահատվածում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Գործողությունների վրա հիմնված ուսանողամետ ՄԿՈՒ ուսուցում» թեմայով սեմինար: Սեմինարը կազմակերպվել էր «ՄԿՈՒ Զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն՝ համագործակցելով Շվեյցարիայի Եկեղեցու Օգնություն (HEKS/EPER) կազմակերպության և Կիրառական Գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ:

Սեմինարին, որը վարեց Շվեյցարիայից ժամանած HAFL-ի մասնագետ Յոհաննես Բրունները, մասնակցեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի  և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տասնյակից ավելի դասախոսներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Դասընթացի հիմնական նպատակն էր ծանոթացնել  դասախոսներին ուսանողամետ դասավանդման մեթոդներին, խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցման մեթոդին (Problem Based Learning – PBL), հաղորդակցման և ուսուցման գործընթացի գնահատման հմտությունների շնորհիվ ամրապնդել դասավանդման վարպետությունը, ինչպես նաև ծանոթացնել քննություններ անցկացնելու որակական չափանիշներին:

Դասախոսների համար նախատեսված սեմինարին զուգահեռ՝ «Սիս-Ալպ» և «Էլոլա» կաթի վերամշակման գործարանների համար Սիսիանում և Գորիսում հավելյալ դասընթացներ անցկացվեցին ընկերություններում ոչ ֆորմալ ուսուցման մեթոդների վերաբերյալ, որտեղ ներկայացվեց պինդ եւ կիսապինդ պանիրների արտադրության տեխնոլոգիան: