Uncategorized

ՄԿՈւ ոլորտի զարգացմամբ զբաղվող դոնոր կազմակերպությունների հանդիպում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 13-ից 14-ը կազմակերպել է ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների քննարկումների հարթակի երկրորդ հանդիպումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացման գործում մեծ աշխատանք է տարվում, որի պտուղները երկրի տնտեսության համար տեսանելի կլինեն կարճ ժամանակահատվածում: Հովհաննես Հովհաննիսյանը ընդգծեց կարիքների գնահատում իրականացնելու անհրաժեշտությունը, ոլորտում առկա խնդիրները բացահայտելու համար և կարևորեց բարձր տեխնոլոգիական ուղղությունների գծով նոր մասնագիտությունների ներդրումը, որը հնարավոր է իրականացնել նաև կարճաժամկետ ուսուցման միջոցով:

Առաջին օրվա ավարտին նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներին ակտիվ մասնակցելու և մեծ ավանդ ներդնելու համար ներկա կազմակերպությունները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով:

 

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» Ծրագրի ներկայացում և Ղեկավար կոմիտեի նիստ

2018թ. հոկտեմբերի 31-ին, ՀՀ Լոռու մարզի մարզպետարանում տեղի ունեցավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի պաշտոնական բացման արարողությունն ու ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը:

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և ֆինանսավորվում՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից:

Ծրագրի թիրախում են Շիրակի Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 85,000 ընդհանուր բնակչությամբ 88 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, կաթի և մսի արժեշղթաների դերակատարներ և տեղական ինքնակառավարման մարմիններ:

Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրային միջամտությունների ուղղությունները, իրականացված գործողություններն ու քննարկում ծավալել շահագրգիռ կողմերի միջև:

Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մարզպետարաններից, շահառու համայնքներից, Ծրագիրը ֆինանսավորող կազմակերպություններից և այլ շահագրգիռ անձիք:

 

Uncategorized

Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի երրորդ աշխատաժողովը

Անի Պլազա հյուրանոցի, Անի հանդիպումների սրահում տեղի ունեցավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի երրորդ աշխատաժողովը:

Աշխատաժողովի պաշտանական բացմանը հաջորդեց հարթակին միացած նոր գործընկեր կազմակերպությունների ներկայացումը, որոնք են՝ ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, ՛՛Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն՛՛ (CARD) հիմնադրամն ու ՄԱԶԾ հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը Հայաստանի հյուսիս արևելյան լեռնային լանդշաֆտներում՛՛ ծրագիրը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ու քննարկվեցին ԿԻԿ ծրագրի «Արոտավայրերի կայուն կառավարում» բաղադրիչի ընթացիկ արդյունքները, ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի մշակման գործընթացը, ինչպես նաև արոտների կայուն կառավարմանը խոչընդոտող խնդիրները: Հանրությանը ներկայացվեց հարթակի նախաձեռնող և գործընկեր կազմակերպությունների կողմից մշակված ձեռնարկների, ուղեցույցների և հետազոտությունների՝ օնլայն տիրույթում շրջանառության համար նախատեսված գործիքակազմի ստեղծման հայեցակարգը:

Հարթակի երրորդ աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

«Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ը «Ռազմավարական զարգացման գործակալության» (ՌԶԳ) ՀԿ-ի, Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի և Համաշխարհային բանկի աջակցմամբ և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) կողմից իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնություն է:

Uncategorized

Տաշիրում անցկացվեց պանրի ամենամյա փառատոնը

Հոկտեմբերի 14-ին պանրագործության հարուստ մշակույթ ունեցող Տաշիր քաղաքում, համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց պանրի՝ արդեն ավանդույթ դարձած ամենամյա փառատոնը, որը համընկել էր նաև Տաշիրի օրվա հետ։ Այս տարի «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» ծրագրի[1] շրջանակներում աջակցություն ցուցաբերեց համայնքապետարանին փառատոնի կազմակերպման գործում:

Փառատոնին իրենց արտադրանքն էին ներկայացրել Տաշիրի ու հարակից համայնքների պանրագործությամբ զբաղվող  գրեթե բոլոր ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ՌԶԳ ՀԿ-ի ծրագրերի  շահառու ընկերություններ` Լոռու (Գրանդ Միլկ» Ա/Ձ-ն, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ն, «Գագիկ Մանուկյան» Ա/Ձ-ն, «Վիգեն Գրիգորյան» Ա/Ձ-ն), Շիրակի («Հայկավան կաթ» Ա/Ձ-ն), Տավուշի («Տիգրան Շահնազարյան» Ա/Ձ-ն) և Գեղարքունիքի մարզերից («Ռոզա 1» ԳԿ-ն):

Կաթի վերամշակողները քաղաքային տոնին ներկայացրեցին իրենց բարձրորակ ու լայն ապրանքատեսականին` հնարավորություն տալով փառատոնի հյուրերին համտեսել ներկայացված արտադրանքը և գնահատել դրանց որակական ու համային հատկանիշները:

Պանրի, գինու ու քաղցրավենիքի առատ հյուրասիրությունը, համերգային ծրագրի ուղեկցմամբ, վերածեցին միջոցառումը իսկական տոնի տաշիրցիների և հյուրերի համար:

Uncategorized

՛՛Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա՛՛ մասնագիտության փորձարարական լաբորատորայի պաշտոնական բացումը

2018թ. սեպտեմբերի 26-ին, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի բացման միջոցառումը:

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիան հիմնվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL) կազմակերպությունների հետ համատեղ, HEKS/EPER-ի (Շվեյցարիայի եկեղեցու օգնություն) ֆինանսավորմամբ, 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՆ Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ պ-ն Ա.Աղբալյանը, փոխհամայնքապետ տ-ն Ի. Յոլյանը, «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար տ-ն Լ. Հովհաննիսյանը և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն տ-ն Ն. Ավետիսյանը: Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ և այլ հյուրեր:

Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան շրջայց կատարել լաբորատորիայում:

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի հիմնումը  մեծ ձեռքբերում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի համար: Ուսանողները կծանոթանան պանրի ու կաթնամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիաներին, հնարավորություն կունենան համատեղել տեսական և գործնական գիտելիքները և ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան հմտություններ: