«Մասնագիտական խթանման օր» Սիսիանում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում մայիսի 13-ին «Մասնագիտական խթանման օր» կազմակերպեց Սիսիանում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի «խելացի» գյուղատնտեսական կենտրոնում աշակերտներին ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը,  ՄԿՈՒ վարիչ Մերի Յոլյանը, «ՍիսԱլպ» կաթամթերքի արտադրամասի տնօրեն Հուսիկ Ստեփանյանը։

Իր ելույթում Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց դուալ ուսուցման հնարավորությունները, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում այդ ուսուցմամբ ներդրվող մասնագիտությունները, այդ թվում՝ 2024-2025 ուստարվանից նոր՝ «Այգեգործություն» մասնագիտությունը, կարևորեց գյուղատնտեսության արդիականացման միտումներն և աշխատաշուկայում գյուղոլորտի մասնագետների աճող պահանջարկը։

Աշակերտները շրջայց կատարեցին ջերմոցում, այգում, անասնագոմի և գյուղատնտեսական մեքենաների պարկում, ծանոթացան կենտրոնում ներդրված և մարդկային աշխատուժին փոխարինող  նորարական տեխնոլոգիաներին, մասնակցեցին կաթի լաբորատոր ցուցադրական փորձաքննությանը։

Սյունիքի մարզպետարանը, գնահատելով մարզում աշակերտների կարիերայի կոմնորոշման և իրազեկվածության կարևորությունը, ապահովեց համայնքների դպրոցների աշակերտների մասնակցությունը։

Uncategorized

«Մասնագիտական խթանման օր» Գորիսում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Մասնագիտական խթանման օր» միջոցառումների շարքը Սյունիքի մարզում է։

Մայիսի 11-ին Գորիս համայնքի մի խումբ բնակավայրերի ութսունից ավելի աշակերտներ Խոտ գյուղում ծանոթացան Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում ուսուցանվող գյուղատնտեսական մասնագիտություններին։

Ողջունելով մասնակիցներին՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց քոլեջում դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող մասնագիտությունները, որոնց թվում են կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, կաթնաֆերմայի կառավարումը, ֆերմերային տնտեսության կառավարումը, անասնաբուժությունը, գյուղատնտեսության մեքենայացումը։ Իր խոսքում Լիլիթ Բեգլարյանը ընդգծեց  գյուղոլորտում ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ներդրման հաջողված փորձն ու աշխատաշուկայում գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների պահանջարկը  և կարիերայի հեռանկարները։

Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Աննա Տոռոզյանն իր ելույթում կարևորեց գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների դերը համայնքների և Սյունիքի մարզի զարգացման համար, հավաստիացրեց աշակերտներին, որ քոլեջի դասավանդողների պրոֆեսիոնալիզմն ու մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը բավարար հիմք են որակյալ ուսում ստանալու և երաշխավորված աշխատանք գտնելու տեսանկյունից։

Այնուհետև դպրոցականները ներկա գտնվեցին քոլեջի դասավանդող Լիլիթ Ավետիսյանի և ուսանողների կողմից կաթի լաբորատոր փորձաքննության իրականացման ու սուլուգունի տեսակի պանրի արտադրման ցուցադրությանը, այցելեցին «Դը Ռանչ» ՍՊԸ տարածքում գտնվող կենդանիներին, հետևեցին անանսնաբույժ Արմո Գաբրիելյանի կողմից մաստիտի բացահայտման ցուցադրական փորձին, ինչպես նաև հարցուպատասխան ունեցան քոլեջի դասավանդողների և գործատուների հետ։

Միջոցառումն ավարտվեց դուալ կրթական մոտեցման մասին անիմացիոն ֆիլմի դիտմամբ և հյուրասիրությամբ։

Uncategorized

Մասնագիտական խթանման օր Ստեփանավանում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին «Մասնագիտությունների խթանման օր» կազմակերպեց Ստեփանավան քաղաքում։

Լոռու մարզի դպրոցների յոթ տասնյակ աշակերտներին  Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը, քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց քոլեջում դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող մասնագիտությունները, այս համակարգի առավելությունները, աշխատաշուկայում գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների պահանջարկն ու կարիերայի հեռանկարները։

Աշակերտները դիտեցին գյուղատնտեսական քոլեջի ուսանողների ցուցադրական լաբորատոր փորձը վարակիչ հիվանդությունների ախտորոշման վերաբերյալ և հետևեցին կաթնաշոռի պատրաստման ընթացքին։

Այնուհետև դպրոցականները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսանողական առօրյային և հանդիպեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ու քոլեջի գործընկեր մասնավոր ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, լսեցին նրանց պատմությունները գյուղատնտեսության ոլորտում հաջողած փորձի մասին։

Օրվա երկրորդ կեսին աշակերտների մի խումբն այցելեց «Լոռվա կաթ» կաթի արտադրամաս, ներկա գտնվեց չեչիլ տեսակի պանրի արտադրման ընթացքին, իսկ մյուս խումբը՝ Մերուժան Ղարիբյանի «խելացի» անասնաֆերմա, ծանոթացավ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ անասնագոմերի և կաթնարանների կառուցմանը, որոնք աշխատում են ավտոմատացված ռեժիմով՝ մարդկային աշխատուժի նվազագույն կիրառմամբ։

Uncategorized

ԼԻԼԱ ծրագրի գործընկեր տուրօպերատորները մասնակցել են ATMDubai2024 միջազգային ցուցահանդեսին

Ս․թ․ մայիսի 6-9-ը «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի գործընկեր, 3 տուրօպերատորներ` Էյ Էմ Թրավելը, ԱրմԼենդ Արշավային Ակումբը,  Ռուբեն Տուրս ՍՊԸ տաղավարով ներկայացրեցին Հայաստանի զբոսաշրջային ներուժը և նրանց կողմից տրամադրված բնության վրա հիմնված փորձառությունները #ATMDubai2024 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:

Ցուցահանդեսին տուրօպերատորների մասնակցությունը կազմակերպվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի աջակցությամբ։

#ATMDubai2024 ցուցահանդեսին մասնակցության շնորհիվ այս տուրօպերատորները հնարավորություն ունեցան շփվելու այցելուների, ոլորտի մասնագետների և պոտենցիալ գործընկերների հետ:

Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ուներ ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու երկրի կայուն զարգացմանը:

Uncategorized

Մասնագիտական խթանման օր Էջմիածնում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն մայիսի 3-ին «Մասնագիտությունների խթանման օր» կազմակերպեց Էջմիածին քաղաքում։

Արմավիրի մարզի դպրոցների մի քանի տասնյակ աշակերտներին  Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ուսումնարանի տնօրեն Մանուկ Նազարյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։

Իր խոսքում Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծեց, որ հաշվի առնելով մարզում ընկուզեղենի և մրգատու այգիներում աշխատող մասնագետների պահանջարկը՝  ուսումնարանում 2024-2025 ուստարվանից կներդրվի «Այգեգործություն» մասնագիտությունը, որը կուսուցանվի դուալ կրթական մոտեցմամբ։

Այնուհետև աշակերտները շրջեցին ուսումնարանի բակում ներկայացված տաղավարներով, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, ինտերակտիվ շփումներ ունեցան ուսանողների, դասավանդողների և մասնավոր ընկերությունների  ներկայացուցիչների հետ։

Այգեգործության ոլորտում իրենց փորձն ու հաջողության պատմությունները, ինչպես նաև գյուղոլորտում ինքնադրսևորվելու ու բարձր եկամուտ ունենալու մասին դպրոցականների հետ զրուցեցին «Վոլնաթ ֆարմս» այգու կառավարիչ Սերոբ Մնացականյանը և գյուղատնտես  Կարեն Մինասյանը։

Օրվա երկրորդ կեսին մի խումբ աշակերտներ այցելեցին Վանանդ գյուղի տարածքում գտնող «Վանանդ ագրո» ընկերության նշի այգի։ Այգու կառավարիչ Հայկ Ստեփանյանը շրջայցի ընթացքում դպրոցականներին ներկայացրեց նշի մշակման առանձնահատկությունները, օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկան, նշեց գրագետ այգեգործ մասնագետների կարևորությունը և քաջալերեց աշակերտներին զբաղվելու գյուղատնտեսությամբ։