SuccessStoriesARM

«Փոքր Նարեի երազանքը ԴՈՒԱԼ կրթությունը դարձրեց իրականություն» ՄԱՎԵՏԱ ծրագրի աշկերտ Նարե Կիրվանյան

Նարե Կիրվանյան / Անասնաբուժություն / Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ 

Ես փոքր տարիքից գիտեի, որ անասնաբույժ եմ դառնալու։ Կենդանիները միշտ եղել են իմ կյանքի մասը, սակայն հենց ԴՈՒԱԼ կրթության միջոցով եմ ես իսկապես հասկացել մասնագիտության պահանջած պատասխանատվության և պրոֆեսիոնալ նվիրվածության խորությունը։ Եվ միայն այն ժամանակ, երբ ԴՈՒԱԼ կրթությունը մեր քոլեջում ներկայացվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի միջոցով, իմ մանկության երազանքը սկսեց իրական, կառուցվածքային ձև ստանալ։

Շվեդիայում ապրելու տարիներին արդեն ծանոթ էի ԴՈՒԱԼ կրթությանը, սակայն Հայաստանում դրա կիրառումը ինձ համար դարձավ մեծ հնարավորություն՝ թույլ տալով ոչ միայն սովորել, այլ անմիջապես մտնել մասնագիտական իրական միջավայր։

Գործնական ուսուցում եմ անցել երեք կլինիկաներում՝ «Ամիրյան Վետ», «Վետլայն» և «Յան Վետ»։ Այսօր արդեն «Յան Վետ»-ում ոչ միայն պրակտիկա եմ անցնում, այլ աշխատում եմ որպես թիմի անդամ։ Սկսել եմ ամենապարզ գործողություններից՝ կենդանիների ֆիքսում, ներարկումներ, կատետր տեղադրում, և աստիճանաբար ներգրավվել վիրահատություններին՝ որպես ասիստենտ։ Այժմ արդեն խորանում եմ վիրաբուժական ուղղության մեջ և հստակ որոշել եմ՝ սա է իմ մասնագիտական ճանապարհը։

Թեև տեսական դասերը հիմնականում ուղղված էին գյուղատնտեսական կենդանիներին, կլինիկական փորձառությունը լրացրեց մանր կենդանիների բուժման բոլոր բացերը։ Յուրաքանչյուր միջամտությունից առաջ ստանում էինք հստակ բացատրություն, հետո միայն անցնում գործնական կիրառման։ Այդ մոտեցումը ձևավորեց ոչ միայն գիտելիք, այլ վստահություն։

Շրջադարձային պահը վիրահատարանում էր։ Մինչ պրակտիկան սկսելը չէի պատկերացնում ինձ որպես վիրաբույժ։ Երբ առաջին անգամ տեսա վիրաբուժական գործիքները, մտածեցի՝ դժվար թե կարողանամ երբևէ դրանք վստահ օգտագործել։ Սկզբում վախ կար՝ հանկարծ չվնասեմ կենդանուն։ Սակայն փորձառու բժիշկների վերահսկողությունն ու վստահությունը ինձ ուժ տվեցին։ Այսօր արդեն վստահ կար եմ դնում, մասնակցում վիրահատություններին և ինքնուրույն կատարում մի շարք միջամտություններ։

Արդյունքն ինքնին խոսուն է

Ես այլևս միայն ուսանող չեմ։ Առավոտյան սովորում եմ քոլեջում, իսկ հետո մինչև երեկո աշխատում եմ կլինիկայում՝ կիրառելով իմ գիտելիքները։ Իմ ձեռքերը դարձել են հմուտ, իսկ ընտրած ուղղությունը՝ հստակ։ Ես որոշել եմ շարունակել վիրաբուժության ոլորտում և իմ ամբողջ կյանքը կապել անասնաբուժության հետ։

Խորհուրդ կտա՞մ ԴՈՒԱԼ կրթությունը այլ երիտասարդների։

Միանշանակ։ ԴՈՒԱԼ-ը քեզ տալիս է ոչ միայն դիպլոմ, այլ մասնագիտական ինքնություն։ Այն օգնում է հասկանալ՝ արդյոք սա իսկապես քո ճանապարհն է, և եթե այո՝ վստահ քայլել այդ ուղղությամբ։

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ իմ հաջողության պատմությունը՝
ՄԱՎԵՏԱ ծրագրի միջոցով ԴՈՒԱԼ կրթությունը փոքր Նարեի երազանքը վերածեց իրական մասնագիտական կարիերայի։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։