NEWSARM

ՄԱՎԵՏԱ Դուալ ուսումնառության փաստաթղթերի լրացման մշտադիտարկում և խորհրդատվություն

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում հունիսի 30-ից հուլիսի 4-ը Լոռու և Սյունիքի մարզերում անցկացվեց խորհրդատվություն՝ կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտության դուալ ուսումնառության փաստաթղթերի լրացման գնահատման վերաբերյալ։

Մշտադիտարկումն ու պորհրդատվությունն իրականացրեց Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի (HAFL) գյուղատնտես-խորհրդատու Աստրիդ Շմիդը։

Ստեփանավանի, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի դասավանդողների ու աշկերտների, ինչպես նաև ծրագրի գործընկեր մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ քննարկվեցին դուալ ուսուցման կազմակերպման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի լրացման առանձնահատկությունները, ինչպես նաև գործնական ուսուցման ընթացքում դասավանդող-աշկերտ-հրահանգիչ եռակողմ հաղորդակցման կարևորությունը։

Մասնակիցներն այցելեցին ծրագրի գործընկերներ «Վիվա կաթ» (Լոռու մարզ), «Սիս-Ալպ» և «Էլոլա» (Սյունիքի մարզ) կաթի վերամշակման արտադրամասեր, որտեղ քննարկվեցին հրահանգիչ-աշկերտ գործնական մոդուլների ուսումնառության արդյունքներին հասնելու քայլերը  և ուսումնառության փաստաթղթերի լրացման սկզբունքը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿն և «Վանանդ Ագրո» ՓԲԸն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿն՝ ՌԶԳի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։