Էդիկ Տատինցյան | Գյուղատնտեսության մեքենայացում | Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ
Երբ ընտրում էի մասնագիտությունս, ինձ համար պարզ էր մեկ բան․ հատկապես Սյունիքում գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում մասնագետների պակաս կա։ Մեր մարզը գյուղատնտեսական է, սակայն ժամանակակից տեխնիկայի հետ աշխատող մասնագետները քիչ են։ Երբ տեսա, որ դիմողների թիվն էլ փոքր է, դա ինձ համար լրացուցիչ մոտիվացիա դարձավ․ եթե մասնագետները քիչ են, ուրեմն ոլորտը սպասում է մեզ։
Մինչ ԴՈՒԱԼ կրթությանը միանալը երբևէ չէի լսել այս ծրագրի մասին։ Սակայն գործնական ուսուցումը փոխեց իմ պատկերացումները կրթության մասին։
Վերիշենում Նորայր Դավթյանի մոտ ես ոչ թե պարզապես դիտորդ էի, այլ ակտիվ մասնակից։ Ամեն գործընթաց սկսում էինք կարճ տեսական ակնարկից, հետո անցնում բուն աշխատանքին։ Քանդում էինք, հավաքում, վերլուծում, կրկնում՝ մինչև լիարժեք յուրացում։ Անվտանգության կանոններից մինչև ժամանակի կառավարում՝ յուրաքանչյուր քայլ սովորում էի իրական միջավայրում։
Քանի որ դասագրքերը հաճախ ժամանակավրեպ էին, հենց գործնական աշխատանքն էր լրացնում այդ բացը։ Ես ձեռք բերեցի ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ նաև հաճախորդների հետ շփման, աշխատանքի պլանավորման և ժամանակի կառավարման կարողություններ։
Արդյունքն ինքնին խոսուն է
Այսօր ես ոչ միայն վստահ եմ իմ մասնագիտական կարողությունների վրա, այլ նաև արդեն իրական բիզնես նախաձեռնություն ունեմ։ MAVETA ծրագրի շրջանակում մասնակցեցի «Farming as Business» դասընթացին, մշակեցի մեղվաբուծության գործարար ծրագիր և ընտրվեցի տեխնիկական աջակցության համար։ Արդյունքում զարգացնում եմ սեփական մեղվաընտանիքները։ Արդեն սկսել եմ վաճառել մեղրը՝ գիտելիքը վերածելով իրական եկամտի և ապացուցելով, որ իմ բիզնես գաղափարը գործում է նաև գործնականում։
ԴՈՒԱԼ կրթությունը ինձ համար պարզապես ուսուցում չէր։ Այն ինձ տվեց զգացում, որ ես պատրաստ եմ աշխատաշուկային և ուզում եմ որքան հնարավոր է շուտ գործի անցնել։
Խորհուրդ կտա՞մ ԴՈՒԱԼ կրթությունը այլ երիտասարդների
Աներկբայորեն։ Ավելին՝ կարծում եմ, որ բոլոր մասնագիտությունները պետք է անցում կատարեն ԴՈՒԱԼ ծրագրին։ Երբ կարդացածդ կատարում ես քո ձեռքով, գիտելիքը դառնում է հմտություն, իսկ հմտությունը՝ վստահություն։
Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ իմ հաջողության պատմությունը՝ ԴՈՒԱԼ կրթությունը ինձ տվեց ոչ միայն գիտելիք, այլ նաև պատրաստակամություն և վստահություն՝ իմ մասնագիտությամբ իրական արժեք ստեղծելու համար։

