
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում հուլիսի 8-11-ը Արմավիր համայնքում տեղի ունեցավ «Նորարարական այգեգործություն» թեմայով 4-օրյա դասընթաց՝ Արցախից բռնի տեղահանված և Արմավիրի մարզում բնակություն հաստատած անձանց համար։
Դասընթացը վարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, գ․գ․թ․ Էթերի Ստեփանյանը։
Քառօրյա դասընթացին մասնակիցները ծանոթացան այգեգործության հիմունքներին և ակտիվ քննարկումներ ունեցան այգու տեղադիրքի ընտրության, հողի պարարտացման, ինտենսիվ և ավանդական այգիներում իրականացվող էտի առանձնահատկությունների և այլ հարցերի շուրջ։ Անդրադարձ կատարվեց նաև պտղաբուծության ներկայիս վիճակին, պտղատեսակներին, դրանց մշակության ձևերին, ինչպես նաև տնկարանային գործին՝ հիմնումից մինչև կառավարման գործընթաց։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այգեգործության ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարներին։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ապահովել նոր գիտելիքներով և զարգացնել անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները՝ այգեգործության ոլորտում ներգրավվելու համար։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

