SuccessStoriesARM

Սերնդեսերունդ՝ հորից որդուն փոխանցված մասնագիտություն

Ալեքսանը Շիրակի մարզում, գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժությամբ և բուծման աշխատանքներով զբաղվող երիտասարդ մասնագետ է։ Անասնաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռ մանկուց, այս մասնագիտությունն իրեն է անցել սերնդեսերունդ՝ հորից որդուն։

Ալեքսանը հստակ գիտեր, որ ցանկանում է անասնաբույժ դառնալ, այդ իսկ պատճառով դպրոցն ավարտելուց հետո 2012 թվականին նա ընդունվեց Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ՝ Անասնաբուժության բաժինը։

Ուսումնառությանը զուգահեռ սկսել է զբաղվել կենդանիների որոշ հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման աշխատանքներով։ Այս ընթացքում, բացի մասնավոր անասնաբուժական ծառայություններից, մատուցել է նաև պետական պատվերի շրջանակում իրականացվող գյուղ կենդանիների կանխարգելիչ պատվաստումներ և այլ միջոցառումներ։

Որպես աշխատասեր և իր գիտելիքներն ու կարողությունները մշտապես բարելավելու ցանկություն ունեցող անձնավորություն, Ալեքսանը որոշեց ձեռք բերել բարձրագույն կրթություն և արդեն 2016 թվականին ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, ընտրելով սանփորձագետի մասնագիտացումը։

Ալեքսանը սկսել է համագործակցությունը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ 2020 թվականից։ Տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների, դասընթացների ու փորձի փոխանակման այցերի, որոնք ըստ նրա նպաստել են իր մասնագիտական կարողությունների աճին։

Ալեքսանն արդեն երկար տարիներ անասնաբուժական ծառայություն էր մատուցում Շիրակի մարզի 5-ից ավել բնակավայրերում, երբ 2022թվ-ին ֆերմերների հորդորով որոշում կայացրեց մասնագիտանալ նաև ԽԵԿ-ի արհեստական սերմնավորում կատարելու գործում։

2023 թվականի փետրվար ամսին մասնակցելով կովերի սերմնավորման վերաբերյալ տեսական և գործնական դասընթացներին, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ստանալուց հետո սկսել է իր համայնքում մատուցել ԱՍ ծառայություն։ 2023 թվականի առաջին կիսամյակում սերմնավորել է 320 կով, որոնք եղել են 110 ֆերմերի կենդանիներ։ Հաջորդ տարի պլանավորում է այս արդյունքը առնվազն կրկնապատկել։

Աշխատասիրության արդյունքում հասել է նրան, որ իր կողմից մատուցվող անասնաբուժական և արհեստական սերմնավորման  ծառայություններից օգտվում են ոչ միայն Ազատան բնակավայրի, այլև հարևան Բենյամին, Արևիկ, Այգաբաց, Բայանդուր և նույնիսկ Մարալիկ բնակավայրերի ֆերմերները։

Ալեքսանը նշում է, որ մասնագիտական հաջողությունների հասել է ջանասիրաբար աշխատելու և գիտելիքներն ու մասնագիտական կարողություններն անընդհատ բարելավելու արդյունքում։ Նշում է, որ հպարտությամբ է կրում անասնաբույժի մասնագիտությունը, որով ապահովում է իր ընտանիքի բարեկեցությունն ու երեխաների ապագան։