NEWSARM, Family Projects

Դասընթաց՝ Վարդենիս խոշորացված համայնքի Խաչաղբյուր և Մեծ Մասրիկ բնակավայրերի ֆերմերների համար

Ս․ թ․ փետրվարի 20-ից 21-ը, «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի շրջանակներում, Վարդենիս խոշորացված համայնքի Խաչաղբյուր և Մեծ Մասրիկ բնակավայրերի ֆերմերների համար կազմակերպվեց դասընթաց՝ անասնապահության վարման լավագույն փորձ և կլիմայի փոփոխության պայմաններում կերային մշակաբույսերի մշակության առանձնահատկություններ թեմայով։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը դասընթացի մեկնարկից առաջ հակիրճ ներկայացրեց «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի բովանդակությունը, հիմնադրույթներն ու Վարդենիս համայնքի վերոնշյալ բնակավայրերում իրականացվելիք գործողությունները։ Դասընթացներին մասնակցեց ավելի քան 100 մասնակից.

«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերի ճգնաժամերին դիմակայելու կարողությունը՝ տրամադրելով մարդասիրական և տնտեսական աջակցություն։