SuccessStoriesARM

Գիտելիքը երիտասարդների բարեկեցության երաշխիքն է

31 -ամյա Հայկ Ավանեսյանը մեկն է այն երիտասարդ ֆերմերներից, ովքեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (ՇԶՀԳ) կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մասնակցել են դասընթացների, փորձի փոխանակման այցերի և ստացել անհատական ​​խորհրդատվություն անասնապահության, ֆերմայի կառավարման և բիզնեսի պլանավորման ոլորտում:

Հայկը կնոջ և ծնողների հետ ապրում է Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում: Նրա ընտանիքն ավելի քան 30 տարի զբաղվում է անասնապահությամբ, սակայն արդյունքները նրանց չէին գոհացնում. կաթի և մսի արտադրությունը բավական էր միայն ընտանիքի հիմնական կարիքները բավարարելու համար: Սակայն ավելի լավ վարձատրության համար Երևան կամ այլուր տեղափոխվելու փոխարեն Հայկը որոշեց մնալ գյուղում և անել հնարավորը՝ կայուն եկամուտ ստանալու համար: Հայկը սկսեց զարգացնել սեփական ֆերմա՝ հաշվի առնելով որ իրենց գյուղում առկա են անասնապահության հիմնական ծառայությունները՝  բարելավված ենթակառուցվածքներով արոտավայրեր, անասնաբուժական ծառայություններ և կաթի շուկա: Հայկը սկսեց ակտիվորեն մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացներին, ուսումնական ճամփորդություններին և այլ միջոցառումներին:

Անասնապահության արդյունավետ գործելակերպի մասին ձեռք բերված գիտելիքները թույլ տվեցին նրան սկսել անասնագոմի վերակառուցումը և ավելացնել կենդանիների թիվը: «Երբ ես վերակառուցում էի մեր անասնագոմը, նաև հաշվի էի առնում օդափոխության և լուսավորության պահանջները: Ես նույնիսկ փորձեցի սարքավորումներ կիրառել՝ ֆիզիկական աշխատանքը նվազեցնելու համար: Օրինակ, գոմաղբի հեռացումն այժմ կատարվում է ավտոմատացված տարբերակով, ինչը թույլ է տալիս ավելի արագ անել աշխատանքը և մաքուր պահել տարածքը : Ես գնել եմ նաև կթելու մեքենա և կիթը ևս ավտոմատ կերպով է կատարվում: Այս ամենը թույլ տվեց ինձ ժամանակ խնայել և ավելի շատ կենդանիներ պահել: Իրականում, մեծ աշխատանք ու ներդրումներ են պահանջվում կենդանիների համար իդեալական պայմաններ ապահովելու և կատարյալ անասնագոմ ստեղծելու համար: Բայց վերապատրաստումների ընթացքում ես հասկացա, որ նույնիսկ սահմանափակ ներդրումներով կարելի է ապահովել անասնապահության հիմնական պայմանները և ունենալ եկամտաբեր ֆերմա … »:

Սկսելուց ընդամենը մեկ տարի առաջ Հայկի ընտանիքն ուներ 8 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից միայն երկուսն էին կթու: Մեկտարի անց Հայկն ունի 22 խոշոր եղջերավոր անասուն, որից 13-ը `կթու: 2018 թվականի հունվարից նա վաճառել է մոտ 6000 լիտր կաթ «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին և 360 կգ միս. արդյունքում  նա ստացել է մոտ 2 մլն դրամի եկամուտ: Ըստ Հայկի, «Այս դասընթացների ընթացքում այլ երիտասարդ ֆերմերների հետ ձեռք բերված ընկերական կապերը դարձան շարժիչ ուժ: Միմյանց օգնելու ոգևորությունն ու պատրաստակամությունը համախմբեց մեզ. ժամանակ առ ժամանակ այցելում ենք հարևանությամբ գտնվող գյուղեր, ծանոթանում ֆերմերների հետ և տեղում յուրացնում նրանց փորձը, փոխանակվում գիտելիքներով, խորհրդատվություն ստանում և ձեռք բերված գիտելիքների օգտագործումը մեր տնտեսություններում: Ինքնավստահությունը, աշխատասիրությունը և ընտանիքի աջակցությունը հաջողության կարևոր նախադրյալներ են»: