2021թ-ի սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել ծրագրի թիրախ հանդիսացող Տավուշ և Լոռ մարզերում: Հանդիպումներին ներկա են եղել WWF-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի ներկայացուցիչները, նախնական թիրախ ընտրված բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետերը և համայնքի բնակիչները:
Հանդիպումների նպատակն էր համայնքների բնակիչներին ներկայացնել և ընդհանուր քննարկումների միջոցով հաստատել նախնական հարցումների և հանիպումների արդյունքում թիրախ ընտրված արժեշղթաների (անասնապահության/կերարտադրության, տուրիզմի/հյուրընկալության և վայրի հավաքի) արդիականությունն ու կարևորությունը։ Քննարկվեցին նախանշված արժեշղթաների զարգացման խոչընդոտները և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկվող նախագծերն ու մեխանիզմները։ Հավաքված տեղեկատվությունը հիմք կծառայի ծրագրի մշակման համար։
Տեղի ունեցած հանդիպում-քննարկումների ընթացքում «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրել են «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրին, իրականացման նպատակներին ու հնարավոր ուղղություններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համայնքների բնական ռեսուրսների արդյունավետ և կայուն օգտագործման և կառավարման մեխանիզմները: Ինչպես նաև ներկայացվեց բնական պաշարների և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական աճի հետ, համայնքների զարգացմանը նպաստող հնարավոր ուղղությունները և ֆերմերների, գյուղական բիզնեսների և գյուղական բնակչության եկամուտները ավելացնելու հնարավորությունները և ներուժը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը համարվում է «էկոլոգիական միջանցքների հիմնադրամ Կովկասի համար» (ECF) տարածաշրջանային ընդլայնված ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KfW զարգացման բանկի կողմից: