ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում Սյունիքի մարզ է այցելել Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային փոխտնօրեն Ուրսուլա Լաուբլիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին նաև ծրագրի իրականացնող գործընկերներ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի ներկայացուցիչները։
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին, դուալ կրթության արդյունքներին, ուսանողների գործնական ուսուցման փորձին, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և գործատուների միջև ձևավորված համագործակցությանը։
Այցը մեկնարկել է «Դը Ռանչ»-ում, որտեղ պատվիրակությանը դիմավորել է Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը։ Պատվիրակությունը շրջել է տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և հանդիպել անասնաբուժություն մասնագիտության աշկերտներին՝ հետաքրքրվելով նրանց ուսումնական գործընթացով և գործնական պատրաստվածությամբ։ Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև քննարկում, որի ընթացքում Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց ՌԶԳ-ի և SDC-ի երկարամյա համագործակցության պատմությունը, առանցքային ուղղություններն ու ձեռքբերումները։
Այնուհետև պատվիրակությունն այցելել է Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ, որտեղ հանդիպել է քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանին և դուալ կրթության խորհրդատու Հասմիկ Խաչունցին։ Քննարկվել են դուալ կրթության ներդրման արդյունքները, արձանագրված ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության աճին, մասնավորապես՝ երիտասարդ կանանց ներգրավվածության ընդլայնմանը։ Պատվիրակությունը ծանոթացել է նաև քոլեջի նոր մասնաշենքի կառուցման ընթացքին և առաջիկայում դրա շահագործման հանձնման հեռանկարներին։
Պատվիրակությունն այցելել է նաև անասնապահությամբ և այգեգործությամբ զբաղվող ընտանեկան տնտեսություն, որտեղ հանդիպել է գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կառավարման մասնագիտության աշկերտներին և տնտեսությունը վարող ընտանիքին։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են գյուղատնտեսական գործունեության առանձնահատկությունները, տնտեսության կառավարման առօրյա մարտահրավերները, ինչպես նաև Սյունիքի անասնապահության ոլորտի առջև վերջին տարիներին ծառացած դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Այցի վերջին կանգառը «Էլոլա» կաթնամթերքի գործարանն էր, որտեղ պատվիրակությանը հյուրընկալեցին ընկերության տնօրենն ու աշխատակիցները։ Հյուրերը ծանոթացան արտադրական գործընթացներին, հանդիպեցին կաթի և կաթնամթերքի արտադրության մասնագիտության աշկերտներին և քննարկեցին նրանց ուսումնական փորձը, դուալ կրթության առավելություններն ու աշխատավայրում ձեռք բերվող մասնագիտական հմտությունների կարևորությունը։
Պատվիրակությունը հանդիպեց նաև ՄԱՎԵՏԱ ծրագրի հաջողության պատմություններից մեկի՝ Մարտուն Մինասյանի հետ, ով քոլեջն ավարտելուց դեռևս առաջ աշխատանքի է անցել «Էլոլա»-ում՝ իր ուսուցումը վերածելով մասնագիտական առաջխաղացման իրական հնարավորության։
Այցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ կրթության և աշխատաշուկայի սերտ կապը երիտասարդներին տալիս է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ, ինքնավստահություն և իրական հնարավորություններ՝ սեփական ապագան կառուցելու համար։

