NEWSARM

Թվային փոխակերպում, մրցունակություն և կայուն զարգացում․ RECONOMY-ի միջոցառման հիմնական ուղերձները

2026թ․ նոյեմբերի 5-ին Ռազմավարական զարգացման գործակալությունը (ՌԶԳ), RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում, մասնակցել է «People, Planet & Systems» («Մարդիկ, մոլորակ և համակարգեր») տարածաշրջանային միջոցառմանը, որը RECONOMY-ի նախաձեռնությամբ անցկացվել է Երևանի «Մեգերյան Կարպետ» գործարանում։

Համախմբելով պետական կառույցների, միջազգային զարգացման կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ միջոցառումն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կարելի է զարգացման ավանդական մոդելներից անցում կատարել առավել ներառական, կայուն և համակարգային փոփոխություններ ապահովող մոտեցումների։

«Զարգացում՝ այլ կերպ» («Development Done Differently») խորագրի ներքո ծավալված քննարկումներն անդրադարձել են մարդկանց, մոլորակի և համակարգերի փոխկապակցվածությանը՝ ընդգծելով համագործակցության, պատասխանատու բիզնես գործելակերպի, արդյունավետ զարգացման մոտեցումների և երկարաժամկետ ազդեցության կարևորությունը։

Քննարկված հարցերն անմիջականորեն առնչվում են RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի նպատակներին, որի շրջանակում թվային փոխակերպումը դիտարկվում է ոչ միայն որպես նոր տեխնոլոգիաների ներդրում, այլև որպես տնտեսական մրցունակության բարձրացման ռազմավարական գործոն։ Թվայնացումը կարող է նպաստել բիզնեսի կարողությունների ամրապնդմանը, արտադրողականության բարձրացմանը, շուկաների հասանելիության ընդլայնմանը, նորարարության խթանմանը և տնտեսական փոփոխվող պահանջներին առավել արդյունավետ արձագանքելուն։

Միաժամանակ, թվային փոխակերպման առավելությունները պայմանավորված են ոչ միայն տեխնոլոգիաների հասանելիությամբ։ Դրանք պահանջում են համապատասխան կարողություններ ունեցող մարդկային ռեսուրսներ, նոր լուծումներ ներդնելու պատրաստ և անհրաժեշտ գործիքներով ապահովված բիզնեսներ, ինչպես նաև նորարարությանը, համագործակցությանը և կայուն աճին նպաստող միջավայր։

Հենց այս համատեքստում է «Մարդիկ-Մոլորակ-Համակարգեր» մոտեցումը հատվում ծրագրի որդեգրած սկզբունքների հետ։ Ոլորտային մրցունակության ամրապնդումը պահանջում է թվային լուծումների, մարդկային կարողությունների, բիզնեսի կարիքների և ավելի լայն տնտեսական էկոհամակարգի փոխկապակցված դիտարկում՝ ապահովելու համար, որ տեխնոլոգիական առաջընթացը վերածվի զարգացման շոշափելի և երկարաժամկետ արդյունքների։

Տարածաշրջանային միջոցառմանը մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու զարգացման այս ավելի լայն մոտեցումներին, տարբեր շահագրգիռ կողմերի հետ փոխանակելու փորձն ու դիտարկումները և անդրադառնալու թվայնացման դերին՝ առավել մրցունակ, դիմակայուն և կայուն տնտեսական համակարգերի ձևավորման գործում։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։