NEWSARM

SEIRA Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի իրազեկվածության և հասանելիության խթանում

2026թ․ փետրվարի 19-21-ը տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրազեկում» խորագրով եռօրյա միջոցառումը, որն իրականացվեց «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում։

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության գործիքների արդյունավետ կիրառման, արտադրողականության բարձրացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը։ Նա իր խոսքում նաև նշեց, որ պետական քաղաքականության առաջնահերթություններից է գյուղատնտեսության մրցունակության բարձրացումը, ռեսուրսների արդյունավետ կառավարումը և ոլորտի կայուն զարգացումը՝ ներառյալ խոցելի խմբերի տնտեսական ինտեգրումը։

Եռօրյա միջոցառման նպատակն էր բարձրացնել շահառուների, ոլորտի ներկայացուցիչների և համայնքների գյուղատնտեսության բաժինների ներկայացուցիչների իրազեկվածությունը գործող պետական աջակցության ծրագրերի, անասնաբուծության և մեղվաբուծության ժամանակակից մոտեցումների, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման մեխանիզմների վերաբերյալ՝ խթանելով տեղական մակարդակում ծրագրերի արդյունավետ իրագործումն ու շահառուների հետ համակարգված աշխատանքը։

Ծրագրի առաջին օրը ներկայացվեցին անասնաբուծության վարման տեխնոլոգիաները՝ էքստենսիվ մոդելից դեպի ինտենսիվացման անցման գործնական մոտեցումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը ոլորտի վրա և դրա մեղմմանն ուղղված միջոցառումները։

Երկրորդ օրը քննարկվեցին անասնաբուծության մեջ հակաբիոտիկների կիրառման հիմնախնդիրները և հակամանրէային կայունության դեմ պայքարի միջոցառումները՝ շեշտադրելով պատասխանատու օգտագործման և կանխարգելիչ մեխանիզմների կարևորությունը կենդանիների և հանրային առողջության պահպանման համատեքստում։

Միջոցառման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև մեղվաբուծությանը՝ ներկայացնելով մեղուների վարրոատոզ հիվանդության բնութագիրը և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցառումները՝ հատկապես մեղվաընտանիքների ձմեռացման նախապատրաստման և հետձմեռային շրջանի կառավարման փուլերում։

Միջոցառման ամփոփմանը մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները և կարևորեցին նմանատիպ իրազեկման միջոցառումների շարունակական կազմակերպման անհրաժեշտությունը՝ պետական աջակցության ծրագրերի հասանելիության և արդյունավետության բարձրացման նպատակով։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։