NEWSARM

Այցելություն SEIRA ծրագրի շահառուներին

Հունիսի 10-ին Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի գլխավորած պատվիրակությունը այցելեց «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում բնակվող շահառուներին։

Պատվիրակությանն ուղեկցում էին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, SEIRA ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչները։

Պատվիրակությունը Ճամբարակի համայնքապետարանում համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանի, աշխատակազմի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուների հետ քննարկեց Արցախից տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց սոցիալ-տնտեսական խնդիրները, պետական աջակցության ծրագրերը և SEIRA ծրագրով ընթացիկ միջամտությունները։

Այնուհետև պատվիրակությունն այցելեց Կալավան բնակավայր և հանդիպում ունեցավ ծրագրի շահառու ընտանիքների հետ, որոնք աջակցություն են ստացել անասնապահությամբ զբաղվելու և կայուն եկամուտ ունենալու համար։

Օրակարգով նախատեսված էին այցելություններ նաև SEIRA ծրագրի՝ ՄԱԿ—ի Պարենի համաշխարհային ծրագրի բաղադրիչով շահառու ընտանիքներին։

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը խթանում է սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ բարելավելով առողջ սննդի հասանելիությունը և ստեղծելով կայուն կենսապայմաններ գյուղատնտեսության զարգացման միջոցով՝ հզորացնելու փախստականներին և Հայաստանի ընդունող համայնքներին։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։