NEWSARM

SEIRA Արժանապատիվ աշխատանքը սկսվում է մարդկանց ներուժի բացահայտումից

Հաճախ աշխատանքի հասանելիության մասին խոսելիս կենտրոնանում ենք միայն աշխատատեղերի թվի վրա։ Սակայն իրականում արժանապատիվ աշխատանքը սկսվում է շատ ավելի վաղ՝ տեղեկացվածությունից, ինքնավստահությունից, սեփական ձայնը լսելի դարձնելու կարողությունից և հնարավորությունները ճանաչելուց։

Այս գաղափարն էր ընկած «Փախստակաների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպված «Հասանելի ծառայություններ և արժանապատիվ աշխատանքային գործունեություն» թեմայով հանդիպում-քննարկումների հիմքում, որտեղ մասնակիցների հետ միասին անդրադարձանք ոչ միայն սոցիալական ծառայությունների հասանելիությանը, այլև այն գործոններին, որոնք ձևավորում են մարդու տնտեսական և սոցիալական ներառվածությունը։

Քննարկումների ընթացքում մասնակիցները ծանոթացան պետական և համայնքային սոցիալական ծառայություններին, արժանապատիվ և ապահով աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև ինքնազբաղվածության և ձեռնարկատիրության հնարավորություններին։ Սակայն հանդիպումների առանցքային արժեքը միայն տեղեկատվության փոխանցումը չէր։

Հատուկ մշակված ինտերակտիվ մեթոդաբանության միջոցով իրականացվեցին ֆոկուս խմբային քննարկումներ, ինքնաանդրադարձի (self-reflection) վարժություններ, հաղորդակցման ինքնավստահության ինքնագնահատում և խմբային վերլուծություն։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց ոչ միայն բացահայտել մասնակիցների առջև ծառացած խոչընդոտները, այլև հասկանալ դրանց խորքային պատճառները՝ սկսած սոցիալական կարծրատիպերից մինչև սեփական կարողությունների նկատմամբ անվստահությունը։

Քննարկումների կարևոր ուղղություններից էր նաև չվարձատրվող տնային աշխատանքի և վճարովի աշխատանքի միջև փոխհարաբերության վերլուծությունը։ Այս թեման հատկապես կարևոր է, քանի որ տնտեսական մասնակցությունը գնահատելիս հաճախ անտեսվում է այն հսկայական չվարձատրվող աշխատանքը, որը կատարում են բազմաթիվ մարդիկ, հատկապես կանայք։ Այդ աշխատանքի ճանաչումն ու արժևորումը կարևոր նախապայման է ավելի ներառական և արդար աշխատաշուկայի ձևավորման համար։

Օրվա երկրորդ հատվածում մասնակիցներն աշխատեցին բիզնես գաղափարների գեներացման, հնարավորությունների բացահայտման և խմբային համագործակցության վրա։ Այստեղ շեշտը դրվեց ոչ միայն գաղափար ստեղծելու, այլև խնդիրները հնարավորությունների վերածելու մտածողության զարգացման վրա՝ որպես կայուն տնտեսական ակտիվության հիմք։

Այսպիսի հանդիպումները ցույց են տալիս, որ կայուն զբաղվածությունը միայն աշխատատեղերի ստեղծման մասին չէ։ Այն մարդկանց կարողությունների զարգացման, ինքնավստահության ամրապնդման, տեղեկացված որոշումների կայացման և համայնքներում սոցիալական կապիտալի ձևավորման գործընթաց է։

Երբ մարդիկ սկսում են ավելի վստահ արտահայտել իրենց տեսակետները, հասկանալ իրենց իրավունքները, ճանաչել առկա ծառայություններն ու տեսնել սեփական տնտեսական ներուժը, ձևավորվում է ոչ միայն ավելի պատրաստ աշխատուժ, այլև ավելի դիմակայուն և ներառական համայնք։

Ի վերջո, արժանապատիվ աշխատանքը միայն տնտեսական կատեգորիա չէ․ այն մարդու արժանապատվության, ինքնուրույնության, մասնակցության և զարգացման հնարավորությունների մասին է։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։