NEWSARM

INLIMA Ֆրանսիական լսարանից՝ Շիրակի արոտավայրեր

Ինչպիսի՞ն է անասնապահության ոլորտն այսօր Հայաստանում: Ի՞նչ մարտահրավերների և հնարավորությունների են բախվում ֆերմերները։ Ինչպե՞ս են զարգանում կաթի և մսի արժեշղթաները։

Այս հարցերի պատասխանները ուսումնասիրելու նպատակով INLIMA ծրագրի շրջանակում Շիրակի մարզ էին այցելել Ֆրանսիայի IEDES (Panthéon-Sorbonne University) համալսարանի «Ագրոբիզնեսի կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողները։

Այցի ընթացքում նրանք ծանոթացան Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) գործունեությանը և Շիրակի մարզում իրականացվող նախաձեռնություններին, ինչպես նաև այցելեցին Ամասիա համայնքի Ծաղկուտ և Արեգնադեմ բնակավայրեր, որտեղ հանդիպեցին Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ՌԶԳ-ի կողմից իրականացված ծրագրերի շրջանակում աջակցություն ստացած ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ Ռուբեն Թովմասյանին և Հայկ Նիկոլյանին։

Դաշտային այցելությունների ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան դիտարկել արոտային անասնապահության կազմակերպումը, ծանոթանալ տնտեսությունների առօրյա աշխատանքին, քննարկել կաթի և մսի շուկաների առանձնահատկությունները, ինչպես նաև լսել ֆերմերների անձնական փորձն ու ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց դիտարկումները։

Այցը դարձավ արժեքավոր հնարավորություն՝ տեսնելու, թե ինչպես են գիտելիքը, փորձը և հետևողական աշխատանքը նպաստում գյուղատնտեսության զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ գյուղական համայնքներում։

Մասնագիտական հանդիպումներից բացի, հյուրերը բացահայտեցին նաև Գյումրու մշակութային կյանքը՝ այցելելով Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Սև բերդ  և շրջելով քաղաքի պատմական փողոցներով։

Նման այցերը կարևոր հարթակ են միջազգային փորձի փոխանակման համար՝ հնարավորություն տալով ապագա ագրոբիզնեսի մասնագետներին անմիջականորեն ուսումնասիրել գյուղատնտեսական արժեշղթաների գործառույթը, ֆերմերային տնտեսությունների գործունեությունը և համայնքային զարգացման գործնական փորձը Հայաստանում։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: