ProjectPortfolioARM

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) II փուլ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ավարտվել է 2022 թվականին։ Ծրագրի առաջին հիմնական փուլն իրականացվել է 2022-2025 թվականներին, իսկ երկրորդ փուլը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերին և կշարունակվի մինչև 2028 թվականը։

ՄԱՎԵՏԱ ծրագրի նպատակն է բարելավել գյուղատնտեսության և հարակից ոլորտներում գործող կին և տղամարդ մասնագետների, ուսանողների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով նրանց կայուն և ներառական մասնագիտական առաջընթացին, եկամուտների աճին և (ինքնա)զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը։ Ծրագիրն աջակցում է նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) համակարգի զարգացմանը՝ խթանելով պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորումը։

Ծրագիրն ունի երեք հիմնական վերջնարդյունք.

  • Պետական հաստատություններն ապահովում են իրավական և կարգավորող շրջանակ, որը հնարավորություն է տալիս նոր ՄԿՈւ օրենքի հիման վրա ձևավորել արդյունավետ և գործունակ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ։
  • ՄԿՈւ ոլորտի կառավարման մարմիններն ու մասնավոր հատվածի կազմակերպությունները համատեղ պատասխանատվություն են կրում ՄԿՈւ ծառայությունների մատուցման և զարգացման համար։
  • Մասնավոր հատվածն ու քոլեջները համատեղ ապահովում են բարելավված հմտություններ և որակավորումներ կին և տղամարդ ուսանողների, շրջանավարտների և գործող մասնագետների համար։

Ծրագիրն իրականացվում է Երևանում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ Սյունիքում, Լոռիում, Տավուշում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում։

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր մասնագիտական կրթական հաստատություններն են՝

  • Գորիսի պետական բազմագործառութային քոլեջը,
  • ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը,
  • ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղը,
  • Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը,
  • Բերդի պետական բազմագործառութային քոլեջը,
  • Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանը,
  • Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը,
  • Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը,
  • Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը,
  • Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջը,
  • Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը և
  • Նոյեմբերյանի պետական քոլեջը։

Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվում հետևյալ մասնագիտությունների զարգացմանը՝ անասնաբուժություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ֆերմերային տնտեսության կազմակերպում, գյուղատնտեսության մեքենայացում, այգեգործություն, կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում, ջերմատնային տնտեսություն և սառնարանային տնտեսություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում գործող շուրջ 90 մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ու աշխատաշուկայի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև պահանջարկահեն հմտությունների զարգացման նպատակով։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի համագործակցությամբ։