Հունիսի 18-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը հանդես եկավ որպես բանախոս «Հյուրընկալության ներդրումային համաժողով 2025»-ի շրջանակներում կազմակերպված «Տարածաշրջանային զբոսաշրջային կլաստերներ և համայնքահեն զարգացում» խորագրով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի ներդրումը և դերակատարությունը զբոսաշրջության ոլորտում կայուն և համակարգային զարգացումների խթանման գործում։
Վերջին տարիներին ՌԶԳ-ն ակտիվորեն նպաստում է Հայաստանի զբոսաշրջային միջավայրի վերափոխմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կայունության, համայնքային ներուժի զարգացման և նորարարական լուծումների կիրառման վրա։
ԼԻԼԱ ծրագիրը, որը համատեղ իրականացվում է WWF Հայաստանի հետ, խթանում է համայնքահեն զբոսաշրջության զարգացումը՝ այն վերաձևակերպելով որպես կանաչ, ներառական և պատասխանատու։ Զբոսաշրջային արահետներից մինչև համայնքային հյուրատներ՝ ծրագիրն աջակցում է համայնքներին իրենց բնատուր և մշակութային ռեսուրսները վերածել երկարաժամկետ տնտեսական հնարավորությունների։
Ի լրումն բնահեն զբոսաշրջության խթանմանը, ՌԶԳ-ն նաև զգալի ներդրում է ունենում ոլորտի թվայնացման ուղղությամբ։
RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում ՌԶԳ-ն վերազինում է զբոսաշրջային բիզնեսներին՝ տրամադրելով թվային գործիքներ գովազդի, էլեկտրոնային առևտրի և խելացի կառավարման համար։
Անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է միջազգային չափանիշների ներդրմանը, թե կանաչ ենթակառուցվածքների զարգացմանը՝ ՌԶԳ-ն շարունակաբար գործում է ի նպաստ Հայաստանի դիրքավորման՝ որպես արդիական, մրցունակ և կայուն զբոսաշրջային ուղղության, որտեղ կայուն զարգացումը դիտարկվում է ոչ թե որպես մարտահրավեր, այլ՝ հնարավորություն։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

