Նորարար գաղափարները, բիզնես մտածողությունը ու գյուղոլորտի ժամանակակից մոտեցումները մեկտեղվեցին «Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» թեմայով հնգօրյա ինտենսիվ դասընթացների ընթացքում, որոնք կազմակերպվել են ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում։
Մայիսի 16-ից Սյունիքում և հունիսի 17-ից Գեղարքունիքում մեկնարկած դասընթացները միավորեցին Արցախից բռնի տեղահանված անձանց և տեղացի խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու կարողությունները՝ գյուղատնտեսական գործունեությունը դիտարկելու որպես բիզնես, խթանել ռազմավարական մտածողությունը և նպաստել կայուն եկամտի աղբյուրների ձևավորմանը։
Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ բիզնես գաղափարների մշակման, ռազմավարական, մարքեթինգային և ֆինանսական պլանավորման, ինչպես նաև բիզնես պլանի կառուցման վերաբերյալ։
Դասընթացից հետո յուրաքանչյուր մասնակցին տրամադրվեց անհատական խորհրդատվություն՝ սեփական գյուղատնտեսական բիզնես պլանի մշակման և արդյունավետ իրագործման գործընթացում մասնագիտական ուղղորդում ստանալու նպատակով։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

