Հունիսի 19-20-ին ԼԻԼԱ ծրագրի գործընկեր զբոսաշրջային կազմակերպությունների և շահառու բիզնեսների ներկայացուցիչներ Դիլիջանում մասնակցեցին «Զբոսաշրջության ամառային ճամբարին»։
Երկու օր, մեկ վայր, տասնյակ ոլորտային մասնագետներ ու շահառու բիզնեսներ՝ միավորվեցին նորարար գաղափարների և կայուն զարգացման սկզբունքների շուրջ։ Ճամբարը ծառայեց որպես յուրահատուկ հարթակ՝ քննարկելու ոլորտի մարտահրավերները, ձևավորելու համագործակցության նոր ուղիներ և խթանելու կայուն ու պատասխանատու զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։
Ռազմավարական Զարգացման Գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն, հանդես գալով որպես ճամբարի ոլորտի ռազմավարական գործընկեր, ապահովեց իր և ծրագրի գործընկերների մասնակցությունը՝ ներկայացնելով կայուն զբոսաշրջության և համայնքային ծրագրերի իրականացման ոլորտներում կազմակերպության երկարամյա փորձը՝ խթանելու նորարարություն, կայունություն և ներառական աճ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում։
ՌԶԳ-ի ներկայացուցիչներ Ալլա Ղազարյանն ու Լիլյա Թորոսյանը ներկայացրին կազմակերպության կողմից տարբեր մարզերում իրականացված ծրագրերը, կիրառվող գործիքակազմը և հաջողված մոդելները՝ նպաստելով մասնակիցների գիտելիքի հարստացմանը, գաղափարների փոխանակմանն ու նոր համագործակցությունների ձևավորմանը։ Նրանք շեշտադրեցին, թե ինչպես կարելի է զբոսաշրջային նախաձեռնությունները դարձնել կայուն, համայնքահեն և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ։
Ճամբարի շրջանակում անցկացվեց ինտենսիվ ուսումնական ծրագիր, որի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները կայուն զարգացման, պատասխանատու զբոսաշրջության և ոլորտային համագործակցության ուղղություններով։ Դասընթացն ամփոփվեց մասնակցության հավաստագրերի հանձնմամբ։
Այս նախաձեռնությունը հերթական կարևոր քայլն էր համագործակցային մշակույթի խթանման, փորձի փոխանակման և զբոսաշրջության ոլորտի ներառական և երկարաժամկետ զարգացման ուղղությամբ՝ ի շահ տեղական համայնքների և Հայաստանի զբոսաշրջային ներուժի առավել արդյունավետ օգտագործման։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

