Ապրիլի 18-ին RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի գործընկեր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Ֆաբ լաբ թվային արտադրության լաբարատորիայի պաշտոնական բացման արարողությունը։
Նախաձեռնությունը կյանքի կոչվեց ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ՝ «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ համագործակցության շնորհիվ։
Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպանության, ՀԲԸՄ Հայաստանի, Ֆաբ լաբ Հայաստանի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի ներկայացուցիչներ, որոնք հանդես եկան ողջույնի խոսքերով։
RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանն իր ելույթում նշեց, որ այս Ֆաբ լաբը ոչ միայն տեղական նորարարական էկոհամակարգի հզորացման միջոց է, այլև զբաղվածության լայն հնարավորությունների ընձեռման և Շիրակի մարզի ու նրա սահմաններից դուրս տնտեսական զարգացմանն ու աշխուժացմանը նպաստող կարևոր քայլ։
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում համագործակցում է Ֆաբ լաբ Գյումրիի հետ՝ ընդլայնելու վերջինիս կրթական և արտադրական հնարավորությունները։ Ծրագիրը նպաստում է Ֆաբ լաբի ինստիտուցիոնալ և գործարարական մոդելի մշակմանն ու կայացմանը՝ միտված տեղացի մասնագետների և ձեռներեցների կարողությունների զարգացմանը, տնտեսական աճին, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։
«Ֆաբ լաբ» նորարարական հարթակի նպատակն է սահուն անցում ապահովել թվային և ֆիզիկական աշխարհների միջև՝ հնարավորություն ընձեռելով վերարտադրել և տարածել թվային արտադրության գիտությունը։ Ֆաբ լաբ թվային արտադրության լաբարատորիայի Գյումրու մասնաճյուղը այսուհետ հանդիսանում է Հայաստանի ֆաբ լաբ ցանցերի և 3000-ից ավելի լաբերից բաղկացած համաշխարհային համայնքի մի մաս։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

