«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ապրիլին կազմակերպվեցին մասնագիտական կողմնորոշման այցեր՝ Գորիս համայնքի Ակների միջնակարգ և Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցներ:
Այցերն իրականացվեցին ծրագրի գործընկեր՝ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը աշակերտներին ներկայացրեցին ծրագրի նպատակները, դուալ ուսուցման համակարգը, ինչպես նաև գյուղատնտեսական նոր մասնագիտությունները, որոնք ներդրվում են քոլեջում։
Քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Ժասմեն Արուստամյանը, դուալ ուսուցման համակարգող Հասմիկ Խաչունցը և որակի ապահովման պատասխանատու Ռաիսա Պետրոսյանը ներկայացրեցին քոլեջի մասնագիտական ուղղությունները և դրանց առանձնահատկությունները՝ պատասխանելով նաև շուրջ 100 ներկա աշակերտների հարցերին, որոնք հետաքրքրված էին ուսուցման պայմաններով, մասնագիտությունների տևողությամբ և մարզում ապագա աշխատանքային հնարավորություններով։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

