«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում ապրիլի 15-18-ը Վայոց Ձորի Արենի համայնքում տեղի ունեցավ «Սեդրակ Մամուլյանի խոհարարական գիտելիքները» խորագրով տեսական և գործնական դասընթաց՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Քառօրյա դասընթացին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մասնակիցներին ներկայացրեց ազգային խոհանոցի ծագումնաբանությունը և մշակութային առանձնահատկությունները, խոհարարական հիմունքները, ինչպես նաև ազգային ճաշատեսակների պատրաստման համար կիրառվող համեմունքների ճանաչելիությունը և օգտագործման կարգը՝ առանձնակի կարևորություն տալով սննդի անվտանգությանը։
Տեսական գիտելիքներին հետևեց գործնական մասը, որի ժամանակ մասնակիցները՝ Սեդրակ Մամուլյանի և նրա օգնական Անյուտա Մաթևոսյանի ուղղորդմամբ պատրաստեցին ազգային խոհանոցի հայնտի ճաշատեսակներ։
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ ազգային ճաշատեսակների պատրաստման ճիշտ տեխնիկային, տեխնոլոգիական գործընթացների վերահսկմանը, ինչպես նաև նպաստեց խոհարարական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ գաստրոզբոսաշրջության ոլորտում հետագայում ընդգրկվելու համար։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

