Ս․թ․ մայիսի 12-ին Նոյեմբերյանի պետական քոլեջում կայացավ «Մասնագիտությունների խթանման օր» միջոցառումը՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը, դուալ կրթության մոդելը, ինչպես նաև «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը, որը սեպտեմբերից կներդրվի Նոյեմբերյանի պետական քոլեջում, իսկ ուսուցումն իրականացվելու է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ լաբորատորիայի պայմաններում։
Այս մասնագիտությունը հատկապես կարևոր և պահանջված է Տավուշի մարզում, որտեղ գյուղատնտեսության, վերամշակման և պահեստավորման ոլորտների զարգացումը ստեղծում է որակյալ մասնագետների մեծ պահանջարկ։
Մասնագիտությունը ներկայացրեց նաև Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, սառնարանային համակարգերի մասնագետ Հովհաննես Արաբյանը։ Որպես երիտասարդ մասնագետ, ով վերջերս ավարտել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը և անմիջապես անցել աշխատանքի, նա խոսեց ոլորտի իրական հնարավորությունների, մասնագետների բարձր պահանջարկի և մրցունակ վարձատրության մասին՝ ներկայացնելով սեփական հաջողության պատմությունը որպես ոգեշնչող օրինակ երիտասարդների համար։
Քննարկմանը միացան նաև տարածաշրջանի սառնարանային տնտեսությունների սեփականատերերը, ովքեր պատրաստակամություն հայտնեցին համագործակցել քոլեջի հետ, ընդունել աշկերտների և դառնալ դուալ կրթության գործընթացի անմիջական մասնակից։ Նրանց խոսքով՝ մարզում ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են նոր սերնդի կրթված և գործնական հմտություններով զինված մասնագետներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսումնական հնարավորություններին, դիտեցին ոլորտային ֆիլմ, ինչպես նաև այցելեցին մասնավոր ընկերություն՝ ծանոթանալու աշխատանքի իրական միջավայրին և ոլորտի առօրյային։
Այս ամենը մեկ կարևոր նպատակի համար՝ ձևավորել մրցունակ մասնագետներ և խթանել մարզերի տնտեսական զարգացումը։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

