«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում մայիսի 6-ին անցկացվեց մասնագիտական խթանման միջոցառում։
Ստեփանավանի մի շարք դպրոցների աշակերտներին Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը, քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։
Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց քոլեջում դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող գյուղատնտեսական մասնագիտությունները, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ինչը ոլորտում հետաքրքրված ուսանողներին երաշխավորում է աշխատանք դեռևս ուսման փուլում։
Այնուհետև դպրոցականները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսանողական առօրյային, քոլեջի կողմից առաջարկվող մասնագիտական կրթության և տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև ինտերակտիվ շփումներ ունեցան ուսանողների և դասավանդողների հետ։
Օրվա երկրորդ կեսին աշակերտներն այցելեցին Տաշիր համայնքում գտնվող «Վիվա կաթ» կաթնամթերք արտադրող ընկերություն։ Ընկերության ներկայացուցիչները շրջայցի ընթացքում դպրոցականներին ներկայացրեցին կաթի և կաթնամթերքի մշակման առանձնահատկությունները, օգտագործվող տեխնոլոգիաները, ինչպես նաև նշեցին ոլորտում գրագետ մասնագետների կարևորությունը և քաջալերեցին աշակերտներին ընտրելու գյուղատնտեսական մասնագիտություններ։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։