«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ ծրագրի գործընկեր Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը ծրագրի մասնավոր հատվածի մյուս գործընկեր՝ «Դը Ռանչ» ՍՊԸ տարածքում մայիսի 12-ին անցկացրեց մասնագիտությունների խթանման միջոցառում։
Գորիս համայնքի դպրոցականներին ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Աննա Տոռոզյանը։ Նրանք ներկայացրեցին դուալ կրթական ուսուցման առավելությունները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում մասնագետների պահանջարկը։
Աշակերտները շրջայց կատարեցին մասնագիտությունների տաղավարներով, ծանոթացան քոլեջում ուսուցանվող մասնագիտություններին, մասնակցեցին կաթի լաբորատոր փորձաքննության և կենդանիների ջերմության չափման և այլ անասնաբուժական միջամտությունների ցուցադրական ներկայացմանը։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

