NEWSARM

ՄԱՎԵՏԱ Տեղահանվածների ինտեգրման և գյուղատնտեսության մեջ ներգրավման միջոցառում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում ծրագրի մասնավոր հատվածի գործընկեր «Դը Ռանչ» ՍՊԸ տեղեկատվական կենտրոնում մայիսի 13-ին անցկացվեց «Գյուղատնտեսական ներգրավումը՝ որպես կայուն ինտեգրման ուղի» խորագրով քննարկում՝ տեղացի ֆերմերների և տեղահանված արցախցիների մասնակցությամբ։

Գյուղատնտեսության ոլորտում վերաներգրավման իրենց փորձի մասին ներկայացրեցին թռչնաբուծությամբ զբաղվող Նարինե Պետրոսյանը և ֆերմեր Հայկ Ասլանյանը։

Սյունիքի մարզում անասնապահության ոլորտում հնարավորությունների և խնդիրների, ինչպես նաև աշխատատեղերի մասին ներկայացրեց  ծրագրի մասնավոր հատվածի գործընկեր Սարիբեկ Հովսեփյանը։

ԱյնուհետևԳորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատու Ժասմեն Առուստամյանը ներկայացրեց դուալ կրթական ուսուցմամբ մասնագիտություններն ու քոլեջի հնարավորությունները։

Օրվա երկրորդ կեսին իրականացվեց այցելություն «Էլոլա» կաթնամթերքի արտադրամաս և Գորիսի անասնաբուժական լաբորատորիա, որտեղ մասնակիցները ծանոթացան կաթնամթերքի արտադրական գործընթացին և անասնաբուժական ծառայությունների ընդհանուր նկարագրությանը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։