NEWSARM

LILA Մեդիա շրջայց Հայաստանի հյուսիսում

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մայիսի 21-22-ը Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվեց երկօրյա մեդիա շրջայց՝ Տավուշի և Լոռու մարզերում։

Մեդիա շրջայցի մասնակիցներն այցելեցին ծրագրի երկու բաղադրիչներով շահառուներին, ծանոթացան ծրագրային միջամտություններին ու արդյունքներին։

ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեց կայուն և ներառական տուրիզմի զարգացման, տեղական բիզնեսների կենսապայմանների և ենթակառուցվածքների բերելավման, ինչպես նաև տուրիզմի և հյուրընկալության ոլորտի աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը։

Մեդիա շրջայցի մասնակիցները Հայաստանի հյուսիսում այցելեցին ԼԻԼԱ ծրագրի շահառուներ «Բերկրի», «Չամիչ», «Արևի Գոշ», «Վաու գլեմփինգ» հյուրատներ և «Լոռենի» թեյարան։

ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրեց ծրագրի բնապահպանական բաղադրիչով իրականացված աշխատանքները, այդ թվում՝ բնական պաշարների  կայուն օգտագործման, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բարձրացման ուղղությամբ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները մայիսի 22-ին Եղեգնուտում մասնակցեցին WWF-Հայաստանի կողմից ազնվացեղ եղջերուների բացթողնման պաշտոնական արարողությանը։

Մեդիա շրջայցը կազմակերպվեց Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: