NEWSARM

RECONOMY Ներկայացվեց Ֆաբ Լաբ Գյումրիի զարգացման բիզնես ռազմավարությունը

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում մայիսի 23-ին ծրագրի շահառու Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Ֆաբ Լաբ Գյումրիի զարգացման բիզնես ռազմավարության ներկայացումը։

Բիզնես խորհրդատու Տաթև Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես է նախատեսվում զարգացնել Ֆաբ Լաբ Գյումրին՝ որպես ժամանակակից թվային արտադրության կենտրոն՝ ուղղված մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտի խթանմանը։ Ռազմավարությունը շեշտադրում է նորարարական տեխնոլոգիաների և ձեռնարկատիրական մտածելակերպի համադրման կարևորությունը, ինչպես նաև համագործակցությունն ուսումնական հաստատությունների, բիզնես ոլորտի և համայնքի միջև։ Ֆաբ Լաբ Գյումրին Հայաստանում կունենա ուսումնական լաբորատորիան՝ որպես  բիզնես նախագիծ ծառայեցնելու առաջին փորձը։

Այս նախաձեռնությունը նաև հնարավորություն է տալիս ուսանողներին և սկսնակ ստեղծագործողներին կիրառել իրենց հմտություններն ու գիտելիքները գործնական դաշտում՝ համադրելով արվեստը, դիզայնը և ժամանակակից տեխնոլոգիաները։

Միջոցառմանը մասնակցեցին «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վահագն Ղուկասյանը,  Ֆաբ Լաբ Հայաստան կրթական հիմնադրամի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը, ակադեմիայի դասախոսներ և ուսանողներ։

Հանդիպմանը քննարկվեցին նաև ծրագրի շրջանակում նախատեսված հետագա անելիքները։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։