Հունիսի 3-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղի ՔՕԱՖ կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի ղեկավար կազմի և շահառուների հերթական հանդիպումը։
Մասնակիցներին ողջունեց և ծրագրի ընթացիկ արդյունքներն ամփոփեց WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը։
Այնուհետև «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեց առաջին բաղադրիչի ընթացիկ արդյունքները՝ ընդգծելով կայուն և ներառական տուրիզմի զարգացման, տեղական բիզնեսների կենսապայմանների ու ենթակառուցվածքների բերելավման, ինչպես նաև տուրիզմի և հյուրընկալության ոլորտի աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը։ Ալլա Ղազարյանը նշեց նաև միջազգային գործընկերների հետ իրականացված փորձի փոխանակման այցերի, ինչպես նաև թիրախային բնակավայրերի հետ ծրագրի համագործակցության մասին։
WWF-Հայաստան ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրեց երկրորդ բաղադրիչի ընթացիկ արդյունքները՝ շեշտադրելով բնապահպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ բնական պաշարների կայուն օգտագործման, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բարձրացման ուղղությամբ։
Ծրագրի ազդեցության վերաբերյալ ելույթներով հանդես եկան «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, ծրագրի շահառուներ, համայնքների ղեկավարներ։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

