NEWSARM

Բնությունը, համայնքը և զբոսաշրջային շուկան մի հարթակում․ ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ նոր տեղեկատվական կենտրոնի բացում Արենիում

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 13-ին Արենիի համայնքում տեղի ունեցավ «ԱՐՓԱ» հովտի տնակի և տեղեկատվական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Նորաբաց կենտրոնը ծառայելու է որպես զբոսաշրջային տեղեկատվական հարթակ՝ նպաստելով Արենիում զբոսաշրջության կայուն զարգացմանը։

Կենտրոնի կահավորումը, բնահեն զբոսաշրջային նոր փորձառությունների մշակումը, դրանց տեսանելիության բարձրացման և առաջխաղացման համալիր միջոցառումներն, ինչպես նաև ԱՐՓԱ պահպանվող տարածքում քայլարշավային արահետի թվայնացումն իրականացվել են «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում։

Արարողությանը ներկա էին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանը, ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վեմիշյանը և Արենի համայքնի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանն ողջույնի իր ելույթում ընդծեց նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ WWF Հայաստանի համար առաջնահերթություն է աջակցել այն ծրագրերին, որոնք միաժամանակ խթանում են թե՛ բնության պահպանությունը, թե՛ համայնքային զարգացումը։

ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանն իր խոսքում նշեց, որ նոր բնահեն զբոսաշրջային ծառայությունների ձևավորման և կենտրոնի տեսանելիության բարձրացման նպատակն է զբոսաշրջային հոսքերը ճիշտ ուղղորդել մարզում։ Նա ընդգծեց, որ ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված այս կենտրոնը վառ օրինակ է այն մոտեցման, թե ինչպես կարելի է համախմբել բնությունը, զբոսաշրջային շուկան և համայնքը մեկ ընդհանուր հարթակում։

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշեց, որ այս նախաձեռնությունը մեծ ձեռքբերում է համայնքի համար՝ ընդգծելով, որ Արենին այժմ ունի ոչ միայն պատմամշակութային հարուստ ժառանգություն, այլև լիարժեք հնարավորություն զբոսաշրջիկներին արժանապատվորեն ընդունելու և նրանց հիացնելու իր գեղեցիկ բնությամբ։ Նա իր շնորհակալությունը հայտնեց բոլոր գործընկերներին՝ նման կարևոր ու հեռանկարային նախաձեռնության համար։

«ԱՐՓԱ» հովտի այցելուների տեղեկատվական կենտրոնի բացումը կարևոր քայլ է Արենի համայնքի կայուն և բնահեն զբոսաշրջության զարգացման ճանապարհին։ Բնապահպանության, համայնքի ներգրավվածության և զբոսաշրջային շուկայի զարգացման համատեղումը ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչպես կարող են համախմբված ջանքերը երկարաժամկետ ազդեցություն ունենալ։ Նորաբաց կենտրոնը ոչ միայն կբարելավի այցելուների փորձառությունը, այլև կհզորացնի տեղական համայնքը և կնպաստի պատասխանատու զբոսաշրջության տարածմանը տարածաշրջանում։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: